«Քաղաքական» հասկացության շուրջ մոնիպուլյացիաներ |detector.am|

detector.am։ Հունիսի 18-ին ԱԺ-ում նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահե Գրիգորյանն իր ելույթում նշել էր. «ՍԴ-ն ապակուսակցական քաղաքական մարմին է, բայց ասել, որ ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է, կներեք, էս պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը ՍԴ-ն է»: Վահե Գրիգորյանի այս հայտարարությունը որոշ քաղաքական շրջանակների և լրատվամիջոցների կողմից ներկայացվեց որպես արդարադատության համակարգը քաղաքականացնելու փորձ (1, 2, 3, 4, 5, 6):

Հարկ է նկատել, որ քննադատության ենթարկվեց ոչ միայն Վ. Գրիգորյանի հիշյալ հայտարարությունը, այլև ընդհանրապես, նրա՝ որպես ՍԴ դատավորի ընտրությունը: Քաղաքական տարբեր գործիչներ փորձում էին Վ. Գրիգորյանին ներկայացնել որպես իշխող ուժի նախապատվությունը ստացած թեկնածու, ինչը համարվում էր ՍԴ-ն քաղաքականացնելու փորձ:

Օրինակ՝ «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը հաղորդագրություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Սահմանադրական դատարանի, այդ թվում դատավորի վերաբերյալ որոշում կայացնելիս՝ պետք է մի կողմ դնել քաղաքական նախապատվությունը և նպաստել իսկապես սահմանադրական մարմնի անկախության ապահովմանը:

Իսկ դա իր հերթին նշանակում է, որ իրավական երկրում որևէ դատարան չի կարող դատավարություն իրականացնել՝ ելնելով դատավորի քաղաքական հայացքներից կամ քաղաքական նպատակահարմարությունից, և հիմնավորումները, որ պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը ՍԴ-ն է, այդ կառույցի վերաբերյալ կայացվող որոշումները քաղաքականացնելու վտանգավոր փորձ է»:

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ իր հերթին տարբեր առիթներով քննադատեց Վահե Գրիգորյանի՝ ՍԴ-ի քաղաքական լինելու մասին հայտարարությունը: ԱԺ-ում իր ելույթի ընթացքում անդրադառնալով ՍԴ-ի քաղաքական մարմին լինելու հարցին՝ նա նշեց. «Պարզ չի՞, եթե ՍԴ անդամը, լինեք դուք կամ որևէ մեկը՝ անձերից վերանանք, եթե նա ընտրվել է քաղաքական շարժառիթներից՝ քաղաքական խողովակներով, նա չի կարող չծառայել քաղաքական ուժին»:

Նման պնդում նա արեց նաև հունիսի 14-ին, ԱԺ-ում Վահե Գրիգորյանի և ԲՀԿ պատգամավորների հանդիպման ընթացքում՝ նշելով, որ «բարձրագույն դատական այս մարմինն ապաքաղաքական է և պահանջում է բացառապես չեզոքություն»։ Վահե Գրիգորյանն էլ, իր հերթին պատասխանել էր, որ քաղաքական և կուսակցական տերմինները չպետք է շփոթել մեկը մյուսի հետ։

Խնդրի հետ կապված՝ Վահե Գրիգորյանն Աժ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ հարցուպատասխանի ընթացքում նշել էր. «Քաղաքական բառից պետք չէ վախենալ…քաղաքականը ոչ անհրաժեշտաբար միշտ կուսակցական է: Քաղաքականը, առհասարակ, նշանակում է հանրային կյանքին վերաբերող: Պատկերացրե՛ք, ՍԴ-ն իշխանության ճյուղերի միջև վեճեր լուծող ատյան է... Չկա սրանից ավելի քաղաքական իրավիճակ:

Ամենաքաղաքական փաստաթուղթը մեկնաբանող ատյանն է: Երբ որ ՍԴ-ի մասին ասում են, որ դա ամենաքաղաքական ատյանն է, նկատի ունեն, որ դրա գործունեությունը ամենամեծ քաղաքական հետևանքներն է առաջացնում»:

Ասվածից ակնհայտ է դառնում, որ և՛ քաղաքական շրջանակներում, և՛ մեդիադաշտում, Վ. Գրիգորյանի հայտարարության հետ կապված բանավեճը ծավալվեց գերազանցապես ՍԴ-ի՝ «քաղաքական» լինելու մասին պնդման շուրջ: Որոշ ընդդիմադիր պատգամավորներ և լրագրողներ այստեղ տեսան ՍԴ-ն քաղաքականացնելու միտում:

Վերջիններիս հիմնական մտահոգությունն այն էր, որ այս կերպ, կարծես, խախտվում է արդարադատություն իրականացնելու անաչառության և օբյեկտիվության սկզբունքը: Այս մտահոգությունը տեղին կլիներ այն դեպքում, եթե ակնհայտ չլիներ, որ խնդրի շուրջ բովանդակային բանավեճ, ըստ էության, գոյություն չունի, քանի որ «քաղաքական» հասկացությունը տարբեր լրագրողների ու պատգամավորների և Վ. Գրիգորյանի խոսքում տարբեր իմաստներով է կիրառվում:

Այսինքն՝ բովանդակային բանավեճի համար կարևոր նախապայմաններից մեկը՝ հասկացության երկիմաստությունից խուսափելու պայմանը, խախտված է: Ընդ որում, եթե խախտված է նպատակաուղղված կերպով, ապա գործ ունենք արդեն հասկացության նենգափոխման հետ:

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ իմաստային ծանրաբեռնվածություն ունի «քաղաքական» հասկացությունը: Ժամանակակից քաղաքագիտական գրեթե բոլոր հեղինակավոր բառարաններում «քաղաքական» (political) հասկացությունը սահմանվում է որպես պետությանը, կառավարությանը, կուսակցություններին կամ ընտրություններին վերաբերող ածական: Այսինքն՝ «քաղաքականը» մի դեպքում կարող է վերաբերել պետական գործերին, մեկ այլ դեպքում՝ կուսակցական գործերին, մեկ ուրիշ դեպքում էլ՝ միայն ընտրություններին: Այն բազմիմաստ հասկացություն է: Եվ այս իմաստով՝ կախված համատեքստից, կարող է տարբեր նշանակություններ ունենալ:

Հարկ է նկատել, որ Վ. Գրիգորյանը բազմիցս հստակեցրել է, թե ինչ նկատի ունի՝ «քաղաքական» ասելով: Օրինակ՝ պատգամավոր Մ.Թանդիլյանի հետ ԱԺ-ում տեղի ունեցած երկխոսությունում Վ.Գրիգորյանը նշել էր. «Սրանով ես ամենևին չեմ ասում, որ ՍԴ դատավորները քաղաքականությամբ են զբաղվում, կամ կուսակցական- քաղաքական մարմին է ՍԴ-ն, որևէ դեպքում՝ ոչ: Քաղաքական ասելով՝ ես նկատի ունեմ քաղաքական բառի ամենաառանցքային իմաստը՝ հանրային հարցերի կառավարման»:

Իսկ armtimes.com-ի լրագրողի հարցին, թե՝ իր քաղաքական հայացքները չեն խանգարի՞ այդ պաշտոնում աշխատելիս, նա նշեց. «Պետք է արձանագրել մի բան. Հայաստանում չկա մարդ, որ չունենա քաղաքական հայացքներ»: Այնուհետև ավելացրեց. «Քաղաքական հայացք չունենալն ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը, նույնիսկ՝ դատավորի համար։ Այլ խնդիր է, թե որքանով են այդ հայացքները ազդում դատավորի՝ արդարադատության իրականացման վրա»:

Հիմա՝ հարց. արդյո՞ք կարող է ՍԴ դատավորի թեկնածուն կամ դատավորը ունենալ քաղաքական հայացքներ, և արդյո՞ք կարելի է նրան մեղադրել դրանում: ՀՀ դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին կետում նշված է. «Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ հիմնադիր, կուսակցությունում պաշտոն զբաղեցնել, կուսակցության անունից ելույթներ ունենալ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։

Դատավորը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն»: Նույն հոդվածի 2-րդ կետում էլ նշված է. «Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատավորը կարող է մասնակցել միայն որպես ընտրող»:

ԱԺ-ն քաղաքական մարմին է, որին մասնակցում են քաղաքական կազմակերպությունները, որոնք ունեն կամ պետք է ունենան հանրային կյանքի կառավարման վերաբերյալ որոշակի գաղափարախոսություն: Տրամաբանությունը հուշում է, որ եթե դատավորը (այդ թվում ՍԴ-ի) կարող է մասնակցել ընտրություններին, ուրեմն կարող է ունենալ քաղաքական հայացքներ: Այլ հարց է, որ նա չի կարող զբաղվել քաղաքականությամբ այն առումով, որ չի կարող հետապնդել քաղաքական շահ, մշակել քաղաքական ծրագիր, և այլն:

Ամբողջացնելով ասվածը՝ կարող ենք եզրակացնել, որ Վ. Գրիգորյանի քննադատները կա՛մ իսկապես չեն նկատել «քաղաքական» հասկացության երկիմաստությունը. և այս դեպքում գործ ունենք թերըմբռնման հետ, կա՛մ էլ՝ միտումնավոր կերպով «չեն նկատել». այս դեպքում էլ արդեն գործ ունենք մանիպուլյացիայի հետ:

x