Դատախազությունը քննարկում է Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը |news.am|

news.am: ՀՀ գլխավոր դատախազությունը հետաձգել է Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ նրա պաշտպանից ստացված միջնորդության քննարկումը։ Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ միջնորդության վերաբերյալ որոշում կընդունվի դրա համար էական հանգամանքների պարզումից հետո, որոնց ուղղությամբ ներկայումս համապատասխան աշխատանքներ են իրականացվում: Նշենք, որ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը միջնորդել էր գլխավոր դատախազին` կարճել Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և խափանման միջոց կալանավորումը վերացնել։ Նշենք, որ Պետրոսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

70- ամյա Գեղամ Պետրոսյանը ներկայումս գտնվում է կալանքի տալ։ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանն ասաց, որ այս ընթացքում իր պաշտպանյալի մասնակցությամբ որևէ նոր քննչական գործողություն չի կատարվել, բացի այդ վերացված չէ նրա հետ տեսակցությունների արգելքը։

x