Քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Վրաստանի միջև այս պահին գտնվում է բարձր մակարդակի վրա. վրացագետ |lragir.am|

lragir.am: Մեր զրուցակիցն է վրացագետ Ջոնի Մելիքյանը

Պարոն Մելիքյան, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորել է հայ-վրացական հարաբերությունները՝ նշելով, որ այդ շփումներում առկա է բավական բարձր դինամիկա։ Որքանո՞վ է Հայաստանը կարողանում Վրաստանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա կառուցել։

Նախ՝ ես կարծում եմ, որ քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Վրաստանի միջև այս պահին գտնվում է բարձր մակարդակի վրա։ Դրա մասին փաստում է հանդիպումների շարքը թե վարչապետների մակարդակով, թե ակտիվ միջգերատեսչական հանդիպումների մակարդակով և այլն։ Վերջին շրջանում արդեն երկու անգամ երկու երկրների ԱԳՆ ներկայացուցիչները հանդիպել, միջպետական օրակարգի հարցեր են քննարկել։ Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը ևս կարևոր է։ Վերջերս երկար դադարից հետո տեղի ունեցավ միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովի նիստը, ինչը ևս մեզ համար կարևոր էր, քանի որ դա տվեց հնարավորություն ևս մեկ անգամ անդրադառնալու մեր միջպետական օրակարգին, թարմացնելու այդ օրակարգը։

Արդեն ըստ վերջին հանդիպման՝ կարելի է նախանշել երեք հիմնական ուղղություններ. Տնտեսական համագործակցություն, որը ներառում է էներգետիկ ենթակառուցվածքային համագործակցությունը, առևտուրը։ Բացի դրանից, Դիլիջանում կազմակերպված հայ-վրացական բիզնես ֆորումի ժամանակ առանձնացված էին քննարկումներ թե տնտեսական համագործակցության, թե առանձին ոլորտներում զարգացումների մասով։ Մասնավորապես, Հայաստանի և Վրաստանի տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները Դիլիջանում հնարավորություն ունեցան նստել ու քննարկել հնարավոր համատեղ փաթեթների կիրառման հնարավորությունը, նաև ֆինանսաբանկային ոլորտում համագործակցությունը։

Այս ամենը վերջին մեկ տարվա ընթացքում շատ վառ ցույց է տալիս, որ կա հետաքրքրություն թե Երևանում, թե Թբիլիսիում խորացնելու միջպետական հարաբերությունները։ Այլ հարց է, որ երբ մենք փորձում ենք գնահատել, թե ինչ մակարդակի վրա են մեր հարաբերությունները, տարբեր են գնահատականները, թե ով ինչպես է պատկերացնում հայ-վրացական իդեալական հարաբերությունները։ Խոսքն այն մասին չէ, որ երկու պետությունների միջև խնդիրներ չկան. որտեղ կան հարաբերություններ, պարզ է, որ այնտեղ կան նաև որոշ խնդիրներ կամ հարցեր, որոնք պետք է բանակցությունների միջոցով լուծվեն։ Դրանց թվում են թե մշակութային կոթողներին վերաբերող հարցերը, թե միջպետական սահմանազատման գործընթացի ավարտը, և շատ այլ հարցեր կան, որոնք բանակցությունների արդյունքում փուլ առ փուլ իրենց լուծումներն ստանում են։

Այստեղ նաև հետևյալ տրամաբանությունը կա. մեր տնտեսությունները քիչ թե շատ նման են իրար։ Ոչ մեկս գազային ու նավթային երկիր չենք և երկուսի տնտեսությունն էլ պահանջում են մեծ ներդրումներ։ Այս պարագայում կարելի է ասել, որ եթե հարևան Ադրբեջանն ու Թուրքիան ունեն ֆինանսական հնարավորություններ ու ռեսուրսներ, որ ակտիվ առևտուր ունենան, ներդրումներ ապահովեն Վրաստանում, մենք այդ հնարավորությունը չունենք և օգտվում ենք այն հնարավորություններից, որոնք կան։ Դրա համար մենք չպետք է հայ-վրացական հարաբերությունները համեմատենք վրաց-ադրբեջանականի հետ, ու համեմատելով ասենք, թե վատն են մեր հարաբերությունները։ Ի վերջո, քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի է, մենք չունենք այնպիսի լուրջ խնդիրներ, որոնք թույլ կտան ասելու, որ մեր հարաբերությունները վատն են։ Բայց, ի վերջո, կարելի է ասել, որ կա զարգանալու տեղ, հարաբերությունները խորացնելու հնարավորություն և կա երկու կողմի ցանկությունն ու պատրաստակամությունը այս հարցում։

Այս հարցում պաշտոնական Երևանը նախաձեռնողական է ավելի, քան վրացական կողմը, ու դա տրամաբանական է, քանի որ այս հարաբերություններում առաջ քաշող ուժը հենց հայկական կողմը պետք է լինի, որովհետև երկու երկրներն էլ մեր հարաբերություններից ստանում են օգուտ, բայց Հայաստանին ինչ-ինչ պատճառներով պետք է պրոակտիվ համագործակցությունը Վրաստանի հետ։ Այստեղ նաև աշխարհագրական գործոնը կա, որ Վրաստանի տարածքը մեզ համար կարևոր է։ Մենք կարող ենք Վրաստանի հետ հարաբերությունները զարգացնելով նվազագույնի հասցնել այն ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ այլ երկրների դեստրուկտիվ քայլերի հետևանքով։

Շարունակությունը՝ այստեղ

x