Մասիս Մայիլյանը ԵԽ պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Արցախ-ԵՄ հարաբերությունները

Օգոստոսի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ Մարտին Զոնեբորնի գլխավորությամբ Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամներին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:

Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակության անդամներին և շնորհավորել Մարտին Զոնեբորնին՝ Եվրոպական խորհրդարան վերընտրվելու կապակցությամբ։ ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ նման այցելությունները պատեհ առիթ են ընձեռում՝ Արցախն ավելի խոր և համակողմանի ճանաչելու, ծանոթանալու երկրում առկա իրողություններին և նոր ձեռքբերումներին, ինչպես նաև ընդլայնելու Արցախի բարեկամների շրջանակը և ստեղծելու նոր կապեր՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։

Մարտին Զոնեբորնի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է հակամարտության գոտում տիրող իրավիճակը, ինչպես նաև Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթ ուղղություններով ձեռք բերված արդյունքները։

Անդրադարձ է կատարվել նաև Արցախ-ԵՄ հարաբերություններին։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի Հանրապետության իշխանությունների շահագրգռվածությունը կրթության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների կարողությունների բարձրացման և մարդասիրական տարբեր ոլորտներում համագործակցության մեջ։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի կազմի նորացումը՝ ընդգծելով նրա առանցքային դերակատարությունը Եվրախորհրդարանում Արցախի մասին հավաստի տեղեկատվության տարածման և հանրապետության շահերի խթանման գործում։

Արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հանրապետությունում պետականաշինությանը, Արցախի միջազգային ճանաչմանն ու համագործակցությանը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանը։

x