Չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով ժառանգել եմ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը․ ՀՀ վարչապետ

civilnet.am Չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը․ այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 27-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին։ Վարչապետի ելույթի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածը՝ ստորև։

«Ուզում եմ շատ հստակ արձանագրել, որ չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը եւ ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը:
Նախորդ տարի Արտաքին գործերի նախարարությունում առիթ ունեցել եմ ասելու, եւ հիմա էլ հարկ եմ համարում կրկնել, որ ոչ միայն միջազգային ասպարեզում, այլեւ նույնիսկ ինքներս մեզ համար երբեմն կորցնում ենք Ղարաբաղի հակամարտության ծագման, պատճառների, իրավաքաղաքական նրբերանգների տրամաբանական շարադրանքի թելը:

Եվ այս երեւույթը հաճախ զգալի է միջազգային տարբեր հարթակներում Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներ ունենալիս, ընդհուպ երբեմն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններ վարելիս:

Այս իմաստով չափազանց կարեւոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման, պատճառների, համատեքստի վերաբերյալ բազային տեղեկատվությունն անընդհատ թարմացնելը, այսպես ասած, ափդեյթի ենթարկելը, որովհետեւ հաճախ առաջնորդվելով կանխավարկածով, թե միջազգային հանրությունը բավարար չափով տեղեկացված է Ղարաբաղի խնդրի մասին, մենք հաշվի չենք առնում, որ հակամարտության 30 տարիների ընթացքում պաշտոնյաները, նույնիսկ ինստիտուտներն անընդհատ փոխվել են ու փոխվում են, եւ այդ փոփոխությունների հետ ակնհայտ թվացող ճշմարտությունները հաճախ մոռացվում են, կորսվում եւ, որ ավելի վատ է, նենգափոխվում: Եվ մենք պետք է առանձնակի ուշադրություն դարձնենք այդ խնդրին եւ հետեւողական գտնվենք հակամարտության նրբերանգները ներկայացնելիս և հանրահռչակելիս:

Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո զարմանքով արձանագրեցի, թե միջազգային շրջանակներում որքան խորն է նստած, օրինակ, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ընդհուպ Մերձդնեստրի եւ Ղարաբաղի հակամարտությունները նույնական ընկալելու բանաձեւը: Սա մեզ համար իսկապես լուրջ խնդիր է՝ թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային առումով:

Եվ չափազանց կարեւոր է այդ խնդիրների հսկայական տարբերությունն ի ցույց դնել, ինչի արդյունավետության մեջ ինքս համոզվել եմ մի քանի կոնկրետ դեպքերում»:

x