Քոչարյանի փաստաբանները վերաքննիչ բողոք կներկայացնեն միջնորդության մերժման վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից սեպտեմբերի 17-ին կայացրած որոշման դեմ, համաձայն որի մերժվեց Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:

«Վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու առաջին միջնորդությունը մերժելու վերաբերյալ»,- ասաց Ալումյանը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատական նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց իր պաշտպանյալին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն: Միջնորդության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին:

x