Ոստիկանության պետի պաշտոնակատարն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ոստիկանությունում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, մայրաքաղաքի և մարզերի տարածքային վարչությունների ենթակա բաժինների ղեկավար կազմն ու օպերատիվ գործունեություն իրականացնող ոստիկանության ծառայողներ։ 

«Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը ներկայացրեց քննարկվելիք հարցերը։ Նա նշեց, որ երկրի տնտեսական զարգացման հետ ուղիղ առնչություն ունեն հանցագործությունների և հատկապես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումներն ու դրանց դեմ արդյունավետ պայքարը։ Նա հորդորեց ակտիվացնել կոռուպցիոն բնույթի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման աշխատանքները։

Խոսելով ոստիկանությունում կադրային քաղաքականության մասին՝ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրեց, որ առաջ են քաշվելու մասնագիտական և մարդկային բարձր ցուցանիշներ ու հատկանիշներ ունեցող, գրագետ ոստիկանության ծառայողները՝ այս կապակցությամբ նշելով նաև, որ պետք է ձևական բնույթ չկրեն ծառայողական պարապմունքները, ոստիկանը մշտապես պետք է զբաղվի ինքնակրթությամբ։

Արման Սարգսյանը հորդորեց սերտ համագործակցել իրավապահ մյուս կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։

Դիմելով ծառայությունների ղեկավարներին՝ ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը անդրադարձավ նաև անձնակազմի ծանրաբեռնվածության հարցին։ Նա ղեկավար կազմին հորդորեց աշխատանքը կազմակերպել այնպես, որ անհարկի չվատնվեն ուժերը։

Խորհրդակցությանը քննարկվեց նաև օպերատիվ գործունեություն իրականացնող ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածության, պարգևավճարների անկողմնակալ բաշխման, ոստիկանների կարգապահության և օպերատիվ գործունեությանը վերաբերող այլ խնդիրներ։

Արման Սարգսյանը շնորհավորեց ներկաներին քրեական հետախույզի մասնագիտական տոնի առթիվ, մաղթեց անփորձանք ու բարի ծառայություն և վստահեցրեց, որ ոստիկանության ողջ անձնակազմը իր առջև դրված ցանկացած խնդիր պատվով կկատարի ի փառս Հայաստանի Հանրապետության»,- նշված է հաղորդագրության մեջ։

x