«Սահմանադրական կարգը տապալվել է Մարտի 1-ի առավոտյան»․ ՄԻԵԴ-ը նոր վճիռ է հրապարակել |forrights.am|

forrights.am։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է հրապարակել Մարտի 1-ի արյունալի իրադարձությւոնների հետ կապված, այս անգամ՝ «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով: ՄԻԵԴ-ը որոշել է, որ 2008 թվականի մարտի 1-ին խոչընդոտվել է «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Դավիթ Մաթևոսյանի արդար դատաքննության, մասնավորապես՝ վկաներին կանչելու և հարցաքննելու, ինչպես նաև խաղաղ հավաքներ, ցույցեր անցկացնելու իրավունքը:

Դատարանը որոշել է, որ Հայաստանը երեք ամսվա ընթացքում, Մաթևոսյանին պետք է վճարի 13 հազար 200 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

Չնայած բողոքը ՄԻԵԴ վարույթ էր ընդունվել 2009 թվականի ամռանը, սակայն որոշում կայացվել է միայն երեկ՝ 10 տարի անց։ Գործի քննության փուլում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում կառավարության ներկայացուցիչ է եղել Գևորգ Կոստանյանը, իսկ Արդարադատության նախարարը՝ Հրայր Թովմասյանը:

«Չթերագնահատելով այս վճռի կարևորությունը կոնկրետ անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ այդուհանդերձ պետք է փաստենք, որ արդարադատությունն ինքնիշխան ազգերի մենաշնորհն է, իսկ նրանք, ովքեր արդարադատություն մուրում են միջազգային/վերազգային կառույցներում, երբեք չեն ունենա արդարադատություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մաթևոսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը։

2008 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Դավիթ Մաթևոսյանը ձերբակալվել էր մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի խաղաղ հավաքը ցրելուց հետո․

«Մարտի 1-ի լուսադեմին ոստիկաններն անընդհատ առաջ էին գալիս, հասան ինձ ու երկու անգամ հատուկ միջոց գազ կիրառեցին, էլեկտրաշոկով սպառնացին, հետո էլ մահակով ոտքիս հարվածեցին՝ չթողնելով բարձրանամ հարթակ։ Ոստիկանական շղթայի ճնշման տակ Ազատության հրապարակից դուրս եկա Թումանյան, հետո՝ Աբովյան փողոց, որտեղ ինձ ու իմ հետ գտնվող երկու անձանց 4 ոստիկան ձեռնաշղթաներ հագցրին ու տարան Քանաքեռ-Զեյթուն ոստիկանական բաժին»,- դեպքերից տարիներ անց այսօր էլ  պարզորոշ պատմում է Դավիթ Մաթոսյանը։

Նրան մեղադրանք է առաջադրվում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով: Մաթևոսյանի դեմ ցուցմունք է տալիս ոստիկանության երկու աշխատակից: Թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության փուլում դատարանը չի բավարարվում պաշտպանական կողմի միջնորդությունը, որով նրանք դատարանից պահանջում էին «միջադեպին» ներկա երկու անձանց որպես վկա գործին ներգրավել։

Դավիթ Մաթոսյանը դատապարտվում է 3 տարի ազատազրկման, սակայն մեկուկես տարի անց համաներմամբ ազատ արձակվում։

«Գլխավոր մեղադրյալը՝ Ռոբերտ Քոչարյանը, ով այսօր մեղադրյալի աթոռին է, ժամանակին փոխել է Սահմանադրությունը՝ իրեն հարմարացնելու համար։ Այն երդման տեքստը, որը սկսվում է «․․․ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը, երդվում եմ պահպանել և պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները» բառերով, չի համապատասխանում իր տեսակին։ Մենք միանգամայն այլ բան տեսանք ու զգացինք, սարսափ, որը բառերով նկարագրելու չի։ Իրականում, սահմանադրական կարգը տապալվել է հենց Մարտի 1-ի առավոտյան»,- նշում է Մաթևոսյանը։

Նրա պնդմամբ, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործին այսօր պետք է ներառվի Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի իրադարձությունները, մարդկանց և քաղաքացիների իրավունքների ու ազատությունների խախտումները, որոնք սկսվել են հենց այդ պահից․

«Հենց դա է սահմանադրական կարգի տապալումը։ Ավելի ճիշտ՝ երդմնազանց տապալումը»։

Մաթևոսյանը ցավով արձանագրեց, որ նախկին իշխանություններն ամեն հնարավորն արել են բացահայտման հնարավորությունները ոչնչացնելու համար։ Նա հույս հայտնեց, որ այսօրվա լավ և կազմակերպված աշխատանքի արդյունքում, առաջիկայում հնարավոր կլինի բացահայտել գոնե սպանություններից մի քանիսը․

Շարունակությունը՝ forrights.am-ում

x