Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացը կարող է տևել առնվազն 4 տարի. Թևան Պողոսյան |armenpress.am|

«Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացը կարող է տևել առնվազն 4 տարի, և այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունը մեծ «տնային աշխատանք» ունի անելու»: Մարտի 7-ին տեղի ունեցած քննարկման ընթացքում այս մասին ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:

«Առաջին փուլը քաղաքական որոշման փուլն է, երբ Եվրոպական խորհուրդը հանձնարարում է Եվրոպական հանձնաժողովին` սկսել տեխնիկական բանակցությունները: Տեղի կունենա՞, արդյոք, այդ քաղաքական որոշումը մինչև ընտրությունները, թե կմնա հաջորդ խորհրդին, պետք է հասկանալ, որ այստեղ չպետք է ձեռքներս ծալած նստենք:

Բարեփոխումներ պետք է անենք, տեխնիկական փաթեթն ուսումնասիրենք, շատ ծրագրեր իրականացնենք: Դրանից հետո, եթե քաղաքական որոշումը լինի, բանակցություններ սկսվեն, դրանք կարող են 1-2 ամիս տևել, բայց հետո տեխնիկական պայմանների իրագործումը տևելու է առնվազն չորս տարի: Այս ողջ գործընթացների ավարտին գալու է նորից քաղաքական որոշման փուլը»,- ասաց Պողոսյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած վերջին այցին՝ Պողոսյանը նշեց, որ դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրագործման համար Հայաստանի իշխանությունները պետք է հետևեն ԵՄ-ում տեղի ունեցող իրադարձություններին:

armenpress.am

x