Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին չի ծրագրվում․ Մնացականյան |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր՝ ղեկավարների մակարդակով, հանդիպում այս պահին չի ծրագրվում․ հոկտեմբերի 28-ին այս մասին հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բուլղարիայի իր պաշտոնակից Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ մամուլի ասուլիսին։

«Որպես այդպիսին, ամենաբարձր մակարդակով՝ ղեկավարների մակարդակով, հանդիպում այս պահին չի ծրագրվում: Այս պահին ծրագրվում է արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումների շարունակությունը: Եվ դա կլինի մոտակա ամիսների ընթացքում:

Կարծում եմ, որ այդ մասին արդեն խոսվել է: Այո՛, մենք այժմ ավելի շատ կենտրոնացած ենք, որպեսզի շարունակենք իրականացնել մեր հանդիպումներն արտաքին գործերի նախարարների մակարդակով: Եվ դա հիմքն է ղեկավարների մակարդակով հանդիպումները նախապատրաստելու համար: Ամեն ինչն իր հերթին»,- ասել է Մնացականյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ թուղթ է բանակցությունների սեղանին, այս մասով ԱԳ նախարարը նշել է․ «Ասել եմ արդեն, որ կոնկրետ թղթի վրա ամրագրված ձևակերպումների շուրջ մենք դեռևս չենք աշխատում: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք աշխատում տարբեր սկզբունքների և պարամետրերի շուրջ՝ հստակեցնելու համար, թե ինչպես կարող ենք կառուցել կողմերի միջև պարտավորությունների այդ անհրաժեշտ համաչափությունը»։

Ճշտող հարցին, թե արդյոք «սեղանին դրված փաստաթուղթ չկա՞», Մնացականյանն արձագանքել է․ «27 տարվա ընթացքում եղել են բազմաթիվ փաստաթղթեր, վերջինը, գիտեք՝ Կազանյան փաստաթղթերն են եղել: Եղել են տարբեր գաղափարներ, որոնք արտահայտվել են այսպես, թե այնպես: Ծանոթանալու գործընթացը մի բան է: Բայց սա չի նշանակում, որ վարչապետն այսքան ժամանակ… Վարչապետը շատ լավ, շատ հստակ տիրապետում է հարցին: Եվ բնական է՝ փորձում է էլ ավելի խորացնել տարբեր նրբություններ, նյուանսներ, որոնք տեղի են ունեցել անցած տարիների ընթացքում:

Նույնը վերաբերում է յուրաքանչյուրին, ով զբաղվում է այս հարցով, և ոչ մեկը բացառություն չէ: Նույնիսկ նրանք, ովքեր ամբողջ 27 տարվա ընթացքում են զբաղվել այս հարցով, պարբերաբար թարմացնում են իրենց գիտելիքը, հիշողությունը, որպեսզի վստահ լինեն, որ լավ տիրապետում են ամեն ինչին: Այստեղ զուտ հստակ լինելն է, որ անհրաժեշտ մակարդակով տիրապետում ես և՛ հարցին, և՛ դրա նրբություններին, և՛ պատմությանը և այլն»։

x