Ադրբեջանը ներխուժում է վրացական տարածք|aliq.ge|

aliq.ge:  Խորհրդային Միության փլուզումից հետո Կովկասի երեք նախկին հանրապետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը չկարողացան սահմանազատել իրենց սահմանները: Այս ձախողումը հանգեցրեց կանոնավոր միջադեպերի՝ յուրաքանչյուրի տարածքային սահմաններում: Բաց աղբյուրների վրա հիմնված լրագրողական հետաքննությամբ զբաղվող bellingcat.com կայքում հրապարակված հոդվածում գրում են կայքի վերլուծաբան Մասիսի Ինգիլիզյանը և հայաստանյան «Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետներ Տարոն Հովհաննիսյանը և Վլադ Վարդանյանը:

«Հայ-ադրբեջանական սահմանների վերաբերյալ վեճերը բարդ բնույթ են կրում, և երկու ժողովուրդները երկարատև, հաճախ բռնությամբ ուղեկցվող հակամարտություն ունեն Արցախի տարածքային վերահսկողության հետ կապված: Այնուամենայնիվ, սակայն, լարված իրավիճակ առկա է նաև Հարավային Կովկասի երկու բարեկամ երկրների՝ Վրաստան-Ադրբեջանի միջև, ինչը նույնպես հանգեցրել է սահմանազատման հետ կապված բարդությունների», — գրում են հոդվածի հեղինակները:

Կայքը հիշեցնում է Ադրբեջանի սահմանապահ զորքերի շտաբի պետ, գեներալ-մայոր Էլչին Իբրահիմովի վերջերս արած հայտարարությունը՝ «Ադրբեջանը առաջխաղացում է գրանցել շփման գծում մի քանի ուղղություններով և ռազմավարական նշանակության բարձունքներում դիրքեր զբաղեցրել»:

Հոդվածի հեղինակները գրում են, որ Google Earth-ի ազատ օգտագործման համար հասանելի արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ ադրբեջանական ռազմական առաջխաղացումը տեղի է ունեցել ոչ թե հայկական, այլ վրացական տարածքում: Ինչպես երևում է ստորև, Ադրբեջանի դիրքերի ամրացումը տեղափոխվել է դեպի հյուսիս՝ սահմանից այն կողմ՝ անցնելով վրացական տարածք: Դատելով բաց հասանելի արբանյակային լուսանկարներից՝ Բաբաքար (Պապաքար) կոչվող բլուրում իր դիրքերն Ադրբեջանն ամրացրել է 2019-ի ապրիլին: Հատկանշական է, որ ադրբեջանցի պաշտոնյան (ՊՍԾ պետի տեղակալը՝ խմբ.) չի հստակեցրել, թե որ ուղղությամբ են իրենք նոր դիրքեր զբաղեցրել, սակայն, որոշ ռուսալեզու լրատվամիջոցներ հայտնել են, որ Ադրբեջանը այդ «ռազմավարական առաջխաղացման» արդյունքում Վրաստանի տարածքներից է զավթել:

Վրաստանն ու Ադրբեջանը սահմանային խնդիր ունեն նաև Դավիթ Գարեջիի վանական համալիրի շրջանում: Այդ «ակադեմիական պատերազմի» արդյունքում համալիրի տարածքի մի մասը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ՝ խորացնելով նշված խնդիրը:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ այդ հատվածում երկու երկրների միջև սահմանը պետք է անցնի լեռան գագաթով, որը ներառում է ողջ վանական համալիրը, և որ Վրաստանի նախագահի չհամաձայնեցված այցը համալիրի տարածք հանդիսացավ ադրբեջանական կոշտ արձագանքի պատճառ:

Բաբաքյար լեռան արևելքում ադրբեջանական նոր դիրքերը դե ֆակտո տեղակայված են Վրաստանի տարածքում: Վրաց-ադրբեջանական սահմանի վերոհիշյալ հատվածի ավելի ճշգրիտ դիտարկումը և խորը հետազոտությունը վկայում է, որ Ադրբեջանը դիրքեր է պահում ոչ միայն Բաբաքյարի վրացական տարածքում, այլև Բաբաքյարից մինչև վրաց-ադրբեջանական Կարմիր կամուրջ սահմանային անցակետը ձգվող տարածքում:

Ավելին, այս գոտում գտնվող ադրբեջանական դիրքերից մեկը (ներքևում նշված է կարմիրներով) գտնվում է Կարմիր կամրջի վրացական մաքսային անցակետից ընդամենը 380 մ հեռավորության վրա և տեղակայված է ավելի բարձր բլրի վրա՝ անցակետի արևմտյան կողմում:

Նյութն ամբողջությամբ՝ aliq.ge

x