Թրամփի և Էրդողանի առանձնազրույցը մեկ ժամից ավելի է տևել. ԶԼՄ-ներ |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ տևել են մեկ ժամ 15 րոպե: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին:

Սպիտակ տանը նախագահների հանդիպումն անցել է մամուլի ներկայացուցիչների համար փակ ռեժիմում՝ առանձնազրույցի ձևաչափով: Դրանից հետո Թրամփն ու Էրդողանը շարունակել են բանակցություններն ընդլայնված ձևաչափով:

Հանդիպմանը զուգահեռ Սպիտակ տան դիմաց բազմաթիվ մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել։ Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տվյալների՝ ցույցի մասնակիցների թիվը կազմում է 1000-3000 մարդ: Ցուցարարները պահանջում են, որ Միացյալ Նահանգները դեմ կանգնի Թուրքիայի ագրեսիային և իրավախախտումներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում:

Ցուցարարների շարքում են ինչպես ամերիկացիներ, այնպես էլ հայեր և քրդեր: Վանկարկելով «ահաբեկիչ Էրդողան» արտահայտությունը՝ նրանք պահանջում են վերջ դնել Սիրիայում թուրքական ռազմարշավին, քրդերի սպանությանը, լրագրողների ձերբակալությանը, Հայաստանի շրջափակմանը, Հայոց ցեղասպանության ժխտմանն ու եկեղեցիների պղծմանը:

x