Իրական հաջողության հասնել հնարավոր է բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափում․ Արցախի ԱԳՆ

Քառորդ դար առաջ ուժի մեջ մտած Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումը առայսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումն է, այսօր հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը:
«25 տարի առաջ ուժի մեջ է մտել Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդությամբ:

1994 թվականի հուլիսի 26-27-ը, լրացուցիչ պայմանագիր ստորագրելով, բոլոր երեք կողմերը հաստատել են հրադադարի ռեժիմի անժամկետ բնույթը՝ ընդհուպ մինչև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը», - ասված է հայտարարությունում: - «1994թ. մայիսի 12-ի Համաձայնագիրն ունի առանցքային նշանակություն, քանի որ այն վերջ դրեց ադրբեջանական իշխանությունների կողմից սանձազերծված պատերազմին, հակամարտությունը տեղափոխեց քաղաքական-դիվանագիտական հուն և պայմաններ ստեղծեց, որպեսզի կողմերը միջազգային միջնորդների աջակցությամբ կարողանան իրենց ջանքերն անմիջականորեն կենտրոնացնեն բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական կարգավորման ուղիներ փնտրելու վրա»։

«Այսօր՝ 25 տարի անց, 1994թ. մայիսի 12-ի Համաձայնագիրը շարունակում է մնալ հրադադարի ռեժիմի և Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման իրավական հիմքը», - ընդգծում է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Կրակի լիակատար դադարեցման մասին Համաձայնագրի գործունությունը հաստատում է, որ կարգավորման գործընթացում իրական հաջողության հասնել հնարավոր է բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափում, որը, միջազգային իրավունքի համաձայն, հաշվի է առնում հակամարտության բոլոր կողմերի շահերն ումտահոգությունները», - շեշտում է Արցախի արտգործնախարարությունը՝ համոզմունք հայտնելով, որ «հակամարտության կարգավորմանն անհրաժեշտ խթան հաղորդելու համար հարկ է, մի կողմից, վերսկսել ուղղակի եռակողմ բանակցությունները, մյուս կողմից, հետևողականորեն ամրապնդել հրադադարի ռեժիմը, այդ թվում նաև` դրա վերահսկման միջազգային մեխանիզմի ներդրման միջոցով, որը նախատեսված է 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններով»:

Գերատեսչությունը «վերահաստատում է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հրաժարվել դրա ուժային լուծման անհեռանկարային քաղաքականությունից»:

x