Դատարանը պարտադիր է համարում Քոչարյանի երաշխավորներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայությունը |hetq.am|

hetq.am։ Դատախազությունը պնդում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է շարունակի գտնվել կալանքի տակ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի, այս պահին քննարկում է Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու հարցը:

Խափանման միջոցի քննության շրջանակներում Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դատարանին ներկայացրեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորագիրը, որով նրանք երաշխավորում են ազատության մեջ Քոչարյանի պատշաճ վարքագիծը:

Մասնավորապես՝ Արցախի ներկա և նախկին նախագահները երաշխավորել են, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց և չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հիշեցրեց, որ երաշխավորող անձինք պետք է ներկայանան դատարան, և Քոչարյանի պաշտպանները խոստացան մինչև դատական նիստի ավարտը ճշտել, թե երբ կարող են նրանք ներկայանալ դատարան:
Նիստը շարունակվում է, Քոչարյանի պաշտպանները ներկայացնում են իրենց դիրքորոշումները:

x