Նախարարի տեղակալը շատ փոքր ֆիգուր է, որ որոշի, թե ժողովուրդն ինչ կարող է որոշել․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Տարածքային կառավարման նախարարությունը Տավուշի մարզպետարանի միջոցով գրություն է ուղարկել Նոյեմբերյան համայնքի ավագանուն, որով, ըստ էության, պահանջում է չեղյալ համարել համայնքի բնակիչների ստորագրությունների հիման վրա կայացված հանքարդյունաբերությունը համայնքի տարածքում արգելելու որոշումը։

Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը Սերժ Սարգսյանի կեղծած սահմանադրության ու հանքարդյունաբերական մագնատ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ընդունած օրենքների վրա հղումներ անելով պահանջում է չեղյալ համարել «ապօրինի որոշումը»։

Ամենայն հարգանքով կառավարության մեր գործընկերների հանդեպ, բայց պիտի ասեմ, որ ժողովրդի ընտրած Ազգային ժողովի ընտրած վարչապետի նշանակած նախարարի տեղակալը շատ փոքր ֆիգուր է, որ որոշի, թե ժողովուրդը ինչ կարող է որոշել, ինչ` չի կարող։

Այդպիսի մի փոքր ֆիգուր էլ կար` ԱԺ փոխխոսնակ, հեղափոխությունից 15 օր առաջ ասում էր «Սա Նովգորոդի վեչյեն չի, մենք ենք որոշողը, մենք Սերժ Սարգսյանին ենք ընտրելու»։ Հիմա որտեղ է նա՞...

Օրենքները պետք է բխեն իրավունքից և հանրությունն իրավունք ունի իր ապագան որոշելու։ Դա անօտարելի իրավունք է, որին հակասող օրենքները չեղարկելու համար մի ամբողջ 88 հոգանոց խմբակցություն է նստած Ազգային Ժողովում»։

x