Վանաձորցի գործարարը պնդում է՝ անօրինական կերպով վաճառվել են գրավի առարկա չհանդիսացող գույքերը |hetq.am|

hetq.am։ Վանաձորից Սեյրան Կարապետյանն արդեն 5 տարի պայքարում է իր ընտանիքին պատկանող առևտրի կենտրոնի և մեկ այլ շինության առքուվաճառքի պայմանագրերն առ ոչինչ ճանաչելու, մորը պատկանող արտադրամասը արգելանքից հանելու համար: Թեև արտադրամասի վաճառքն այս պահին դադարեցված է, այն արգելանքի տակ է՝ կազմի էական փոփոխությունների հանգամանքով, սակայն մտավախություն ունի, որ այն ևս կկորցնի:

Կարապետյանները կորցրել են իրենց պատկանող գույքերը «Ինեկոբանկ»-ի դատական հայցերի հիման վրա՝ Սեյրան Կարապետյանին պատկանող «Զոսեկար» ընկերության չմարված վարկային պարտավորությունների պատճառով:

Սեյրան Կարապետյանը պատմեց, որ 2003 թվականին Ռուսաստանից վերադարձել է Հայաստան, որոշել Վանաձորում եվրոպատուհանների արտադրությամբ զբաղվել:

Կարապետյանի փաստաբան Քրիստինե Ղազարյանը պատմեց, որ արտադրության գործունեությունը ընդլայնելու նպատակով 2010թ.-ի դեկտեմբերին Կարապետյանը իրեն պատկանող «Զոսեկար» ընկերության անունից «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից ստացել է մոտ 300 հազար դոլարի վարկ:

Վարկի կատարման ապահովում են հանդիսացել «Զոսեկար»-ի, Կարապետյանի կնոջը և մորը պատկանող վանաձորյան գույքերը։ Այս վարկը Կարապետյանը մարել է 2011-ի հուլիսին և նույն օրը բանկից ստացել նոր վարկ՝ 550 հազար դոլարի չափով: Բանկի և ընկերության միջև կնքվել է վարկերի, երաշխիքների եւ ակրեդիտիվների տրամադրման լրացուցիչ համաձայնագիր և դրանով ընկերությունը ստացել է վարկ՝ մինչ 2018թ.-ի հուլիս մարման ժամկետով։

Ըստ Քրիստինե Ղազարյանի՝ այդ վարկի կնքման ժամանակ արդեն նշված գույքերը չեն հանդիսացել պայմանագրով ստանձնած պարտավորությունների ապահովում և գրավի /հիփոթեքի/ լրացուցիչ համաձայնագրերը պետական գրանցում չեն ստացել:

Ղազարյանը պատմում է, որ վերցված վարկը Կարապետյանը 2 ամիս չի կարողացել մարել՝ ֆինանսական խնդիրների պատճառով և արդեն 2014 հոկտեմբերին «Ինեկոբանկը» դիմել է դատարան՝ նրան պատկանող «Զոսեկար» ընկերությունը սնանկ ճանաչելու պահանջով: Այդ ժամանակ ՍՊԸ-ն ունեցել է 517 հազար դոլարի չափով պարտք: 

Փաստաբանի փոխանցմամբ՝ սնանկ ճանաչելու հայցադիմումից մոտ երկու շաբաթ անց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն ընկերությանը ճանաչել է սնանկ, որոշել աճուրդի հանել վերցված վարկի երաշխավորների գույքը՝ հաշվի չառնելով, որ տվյալ անշարժ գույքերը վարկի կատարման ապահովում չեն հանդիսանում: Ղազարյանի փոխանցմամբ՝ վաճառված գույքերից առևտրի կենտրոնը գնել է հենց բանկը:

«Դատարանը, չգիտեմ, միտումնավոր, թե ուղղակի պատշաճ ուսումնասիրության առարկա չի դարձնում այն հանգամանքը, որ տվյալ գույքերը գրավի առարկա չեն հանդիսանում ու չէին կարող ապահովում հանդիսանալ ՍՊԸ-ի պարտավորություններում։ Նախ այդ գրավները պետական գրանցում չեն ունեցել, իսկ գրավը ապացուցվում է բացառապես պետական գրանցումով։

Դրանից բացի, այստեղ կա նաև մի այլ առանձնահատկություն. գրավադրել են գույքեր, որոնք, ճիշտ է, երաշխավոր են կանգնել և Կարապետյանը վերցրել է 300 հազար դոլարի չափով վարկ, սակայն ՍՊԸ-ն այն մարել է 2011 թվականի հուլիսին: Երբ գրավի վկայականները նայում ես, այնտեղ հստակ գրված է՝ գրավի իրավունքը դադարում է կատարմամբ։ Այսինքն՝ գրավի իրավունք առկա է եղել, այն 2011-ի կատարմամբ դադարել է»,-նշեց փաստաբանը:

Փաստաբանը պնդում է, որ եթե ընկերությանը տարել են սնանկության, կարող էին դրա գույքից բռնագանձել, ոչ թե երաշխավորների գույքը հանել վաճառքի։ Ասում է՝ ունեն կադաստրի պետական կոմիտեից փաստաթղթեր, որ բանկի հետ 2011 թվականին կնքված պայմանագրերի շրջանակներում տվյալ գույքերը գրավի առարկա չեն հանդիսացել։

«Չգիտես ինչու, սնանկության կառավարիչը սա ուսումնասիրության առարկա չի դարձնում: Բայց դատարանը պարտավոր էր ուսումնասիրել՝ արդյոք սա գրավի առարկա՞ է, թե՞ ոչ։ Դրա համար գոյություն ունի սնանկության կառավարիչ, որը պարտավոր է կատարել գույքագրում, գույքերի գնահատում, ՍՊԸ-ի հետ կապված իրավիճակի վերլուծություն։

Եթե ինքն այդ ամբողջ գործողությունը կատարեր իրավաչափ, կհասներ մի հետևության, որ այս գույքերը գրավի առարկա չեն, ինչպես կարող է սնանկության վարույթում «Ինեկոբանկը» հանդիսանա ապահոված պարտատեր»,- նշում է Քրիստինե Ղազարյանը։

Փաստաբանը ընդգծում է ևս մեկ հանգամանք, որ Կարապետյանի հետ կնքվել է ակրեդիտիվների տրամադրման պայմանագիր, որով եթե վարկառուն ուշացնում է պայմանագրերով իր ստանձնած վարկերը, բանկը պարտավորվում է շահառուի փոխարեն պարտավորությունը մարել՝ հետագայում վարկառուին հետ վերադարձնելու պահանջ ներկայացնել:

«Ըստ էության բանկը նման բան չի էլ արել ու երբ երկու ամսվա կետանցը թույլ է տվել վարկառուն, ինքը գումարի բռնագանձում էլ չի պահանջել, շատ արագ գնացել է դատարան՝ սնանկության»,- նշում է նա։

Շարունակությունը՝ hetq.am

 

x