Նորագյուղցի Բոգոն դարձյալ շարունակում է ազդել Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող ընկերության ուղեւորահոսքի վրա

Երեւան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության խնդիրը արդեն 1 տարուց ավելի է՝ չի կարգավորվել: Ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը հայտնեց, որ քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն (Ռուբեն Կոստանյան) շարունակում է ազդել իր սպասարկած երթուղու ուղեւորահոսքի վրա:

«Բոլոր կառույցները բավականին փաստեր ունեն՝ ՊԵԿ-ը, ոստիկանության 6-րդ վարչությունը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչությունը»,- պատմեց Խաչատրյանը:

Նա հայտարարում է, որ Երեւան-Բաղրամյան, Երեւան-Մյասնիկյան երթուղիները, որոնցից վերջինը պատկանում է Նորագյուղցի Բոգոյին, վերջնակետ չեն գնում, նրանց ուղղությունը միայն Երեւան-Արմավիր է: «Բազմիցս ասել եմ, որ Արմավիրի բոլոր գյուղերում կան ներմարզային տրանսպորտներ, մեր դերը ավտոկայանից ավտոկայան տեղափոխելն է: Վերջերս նրանց սպասարկման ժամկետը լրացել էր, սակայն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մինչեւ տարեվերջ երկարաձգել է ժամկետը:

Արդյունքում իմ ընկերության աշխատանքը դարձյալ խաթարվել է: Բոգոն 7 տեղանոց մեքենաներ է ավելացրել Երեւան-Մյասնիկյան գծի մեջ: Ըստ օրենքի՝ առավոտյան Մյասնիկյանից պետք է գան Երեւան, Երեւանից էլ գնան Մյասնիկյան, սակայն ինչպես նշեցի՝ վերջնակետ չեն հասնում եւ օրական մի քանի անգամ են քշում դեպի Երեւան-Արմավիր: Դրա մասին լավ տեղյակ է ե՛ւ նախարարությունը, ե՛ւ ավտոկայանը, ե՛ւ տեսչությունը»,- ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով՝ մոտ 1 ամիս առաջ իրեն ցանկանում էին գծից զրկել. «Ու պատճառն այն է, որ իմ վարորդները օրական 1000 դրամ էին կարողանում աշխատել եւ չէին ուզում աշխատել, քանի որ անընդհատ ուղեւորահոսքի վրա ազդում էին, մարդիկ չէին կարողանում տուն պահել:

Եթե դուք չեք գալիս այդ խախտումները բացահայտելու, ուրեմն ես այստեղ միտում եմ տեսնում, մարդիկ միտումնավոր ասում են՝ գնացեք այս հիմնարկը հողին հավասարեցրեք ու ինչ-որ շահ ունեն սրանից: Առանց շահի մարդուն այսպիսի վնաս չէին տա: Մի քանի օր իմ վարորդները չէին քշում Արմավիր-Երեւան եւ 1 հատ բողոք չի եղել, որովհետեւ մի քանի ընկերություններ այդ ուղղությունն են սպասարկում անօրինական: Այդ ընկերություններից են՝ «Ալ տրանս»-ը, «Ռամ-ակա»-ն: «Ռամ-ակա»-ն պատկանում է «Հայավտոկայարան»-ի պետի տեղակալ Արթուր Ջեյրանյանին»:

Խաչատրյանը նշեց, որ եթե խնդիրը չկարգավորվի, հնարավոր է՝ դարձյալ բողոքի ակցիա կազմակերպեն կառավարության դիմաց. «Պետք է անպայման հանդիպեմ պարոն վարչապետի հետ: Նրա օգնական Նաիրի Սարգսյանը խաբեց մեզ, ասաց՝ 5 օրում այս հարցերին լուծում կտրվի: Ամիսներ է անցել, ոչ մի փոփոխություն չկա: Սա վարչապետի գործն էլ չէ, այսպիսի հարցերով վարչապետը չպիտի օրենքով զբաղվի, որովհետեւ դրա համար կա նախարարություն, նախարար, փոխնախարար, ավտոկայան:

Քանի որ ոչ մի բան չեն անում, ստիպված պիտի վարչապետին դիմենք: Մարդիկ, որ ասում են՝ այ մարդ, ինչ լինում է՝ վազում են Փաշինյանի մոտ, խեղճ մարդն իր գործերը թողնում, ամեն հարցով զբաղվում է, բայց հիմա ես նույն վիճակի մեջ եմ ընկել: Տարիներով պահանջում եմ, պայքարում եմ, խնդրում եմ, ասում եմ՝ մաքրեք գիծը, թողեք աշխատեմ: Ես մեծ վարկեր եմ վերցրել: Միգուցե պարոն Փաշինյանի հետ 5-10 րոպե հանդիպենք, ներկայացնենք իրականությունը»:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը մեր զրույցում ասաց, որ գրեթե բոլոր գծերի ժամկետը երկարացվել է՝ մինչեւ միասնական տրանսպորտային ցանց ներդրվի: «Այդ խնդիրը, որը տիկին Խաչատրյանը բարձրացնում է, ավելի շատ կապված է տեսչական մարմնի հետ, որովհետեւ մենք հաստատում ենք գիծը, իսկ նրանք ըստ չվացուցակի պետք է աշխատեն: Այսինքն, ստուգող մարմինը տեսչական մարմինն է: Ես կխնդրեմ տեսչական մարմնին, որպեսզի ուսումնասիրություններ անցկացնեն եւ իրավախախտներին տուգանեն»:

Սիմոնյանի խոսքով՝ միասնական տրանսպորտային ցանցի ներդրումը ցանկանում են սկսել Արմավիրի մարզից. «Խնդիրը նրանումն է, որ մենք ուղեւորահոսքերի ճշգրիտ քանակ չունենք: Հիմա ուղեւորահոսքերն ենք հաշվելու, մյուս շաբաթվանից կսկսենք հոսքերի հաշվարկը, կարծում եմ՝ երկար ժամանակ չի տեւի: Դրա հիման վրա մենք կկարողանանք հասկանալ, թե ինչքան ավտոբուսներ են պետք, ինչքան միկրոավտոբուսներ են պետք, չվացուցակը կկարողանանք կազմել:

Այդ ամեն ինչից հետո մրցույթ կհայտարարենք, որից հետո կկարողանանք կարգավորել այն բացթողումները, որոնք հնարավոր է առաջանան: Դրանից հետո կանցնենք մնացած մարզերին: 1 տարվա ընթացքում հուսով եմ գոնե 80 տոկոսով կկարողանանք սա անել»:

Սիմոնյանն ասաց, որ եթե նույնիսկ ունենա տեղեկություն, որ Երեւան-Մյասնիկյան երթուղին իրականում իրականացնում է Երեւան-Արմավիր ուղեւորափոխադրում, ոչինչ չի կարող անել. «Դրան պետք է տեսչականը հետեւի: Օրինակ «Ալ տրանս» ընկերության Երեւան-Մեծամոր գիծը մենք չենք երկարաձգել, քանի որ տեսչականը մի քանի անգամ նրանց զգուշացրել է, որ քշում են դեպի Արմավիր:

Այդ ընկերությունը դեռեւս իր դեղին համարանիշները չի հանձնել եւ տեղեկություն կա, որ նրանք այդ դեղին համարանիշներով շարունակում են ուղեւորափոխադրումներ իրականացնել: Ես կապ եմ հաստատելու ՃՈ պետի տեղակալի հետ, համապատասխան գրություն եմ ուղարկել, որպեսզի այդ դեղին համարանիշներով նրանք չկարողանան այլեւս շահագործել»:

Ավելին՝ armtimes.com-ում

x