Ֆելիքս Ցոլակյանը տեսակցել է տուժած փրկարարներին և ստուգել վթարավերականգնողական աշխատանքների ընթացքը․ԱԻՆ

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Լոռու մարզ՝ տեղում ծանոթանալու Թումանյան կայարանում բեռնատար գնացքի շուրջ ստեղծված իրավիճակին: Դեպքի վայրում նախարարին դիմավորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն: Նա Ֆելիքս Ցոլակյանին շնորհակալություն է հայտնել հրշեջ-փրկարարների անձնվեր աշխատանքի շնորհիվ հնարավոր պայթյունից խուսափելու համար և հավաստիացրել, որ առավելագույն կարճ ժամանակահատվածում կվերացվեն վթարի հետևանքները:

ԱԻ նախարարը հանձնարարեց աշխատակիցներին շարունակել հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել վթարավերականգնողական աշխատանքներին:

Տեղեկացրել ենք, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին հրդեհաշիջմանն օգնության շտապող մեքենան գլորվել է ձորը և վնասվածքներ են ստացել ԱԻ երկու աշխատակիցներ: Նախարարն այցելեց բուժմիավորում՝ հիվանդներին տեսակցելու: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց մարտական հաշվարկի վարորդ Ահարոն Սահակյանին, ով մանրամասն ներկայացրեց կատարվածը:

Նախարարը սերտապնդեց Ահարոնին, ասաց, որ նա Աստծո նախախնամությամբ է փրկվել, ուրեմն նրա կյանքում այսուհետ ամեն ինչ լավ է լինելու:

Տուժած հրշեջ-փրկարար Սիմոն Այվազյանին այդ պահին վիրահատում էին, նախարարը հանդիպեց Սիմոնի հարազատներին և հուսադրեց, որ զինվեն լավատեսությամբ և հրշեջ-փրկարարին արժանի հաստատակամությամբ:

Նա տեղեկացրեց, որ խոսել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և ստացել է հավաստիացում, որ հիվանդի վիճակը բավարար է, իսկ անհրաժեշտության դեպքում Սիմոնին ուղղաթիռով կտեղափոխեն Երևան՝ հետագա մասնագիտական բուժման:

 

ԱԻՆ

 

x