Ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններն իրականացվել են ոչ լիարժեք. ՀԲՃ-ն հրապարակել է Ամուլսարի հանքի 2018թ. տեսչական ստուգման եզրակացությունը

Հայկական բնապահպանական ճակատը հրապարակել է 2018թ. տեսչական ստուգման ընթացքում Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ տրված եզրակացություն, որը ներկայացված է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանի կողմից:

Դրանում մասնավորապես նշված է.

1. «Գեոթիմ»-ի կողմից ներկայացված ինժեներաերկրաբանական հորատանցքերի և խուզահորերի տեղադիրքերի և քանակների տվյալները բավարար հիմնավորում չեն կարող հանդիսանալ դատարկ ապարների լցակույտի պահեստավորման համար։ Մասնավորապես 5 հատ փորված հորատանցքերը (GRE-B8, GRE-B6, GRE-B10, GRE-W1, GRE-B6A) տվյալ տարածքի (մոտ. 2-2.5կմ2 տարածքում) վերաբերյալ չեն կարող տալ ամբողջական պատկեր ինժեներաերկրաբանական պայմանների մասին ըստ ինժեներաերկրաբանական 1։500մ, 1։1000մ, 1։2000մ կոնդիցիաների։

2. Բացակայում են ինժեներաերկրաբանական երկայնական և լայնական կտրվածքներ ըստ հորատանցքերից ստացված գրունտների ֆիզիկոմեխանիկական հատկությունների տվյալների, որոնք անհրաժեշտ է ներկայացնեն ինժեներաերկրաբանական էլեմենտները, գրունտային ջրերի մակարդակը և այլ պարամետրեր ըստ պահանջվող նորմատիվների։ Փորված հորատանցքերը (TP-774, TP-775, DDAG-392, BH-606, DDAG-387 և այլն) և կատարված աշխատանքները հիմնականում ընդգրկում են և հիմնավորում են քարաջարդման, ավտոպարկի և այլ հանքշահագործման ինֆրակառույցների տարածքների կառուցումը և շահագործումը։

3. Այս ամենից կարելի է եզրակացնել, որ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունները իրականացված են ոչ լիարժեք և չեն ապահովում անհրաժեշտ տեղեկատվություն ներկայիս իրավիճակի գնահատման համար»։

 

x