ՍԴ-ի որոշումները կրկին եկան ապացուցելու ամիսներ շարունակ բարձր դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի փաստը. ՀԱԿ

«Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) կողմից Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ կայացրած «որոշումները» կրկին եկան ապացուցելու Սահմանադրական դատարանի շուրջ ամիսներ շարունակ ստեղծված ճգնաժամի փաստը:

«Սահմանադրությամբ կարևորագույն լիազորություններով և դերակատարմամբ օժտված ատյանի ոչ օրինակարգությունը սպառնում է վերածվելու քաղաքական և ընդհանրապես պետական ամբողջ համակարգի կայունությունը վտանգող մշտական գործոնի: Փաստացի գոյություն ունեցող վիճակի երկարաժամկետ պահպանումը, Սահմանադրական դատարանի լիազորությունների կատարմամբ առաջացող իրադրություններում, կարող է հանգեցնել իրավական քաոսի և պետական ինստիտուտների քայքայմանը», - ասված է «Հայ ազգային կոնգրեսի» տարածած հայտարարությունում։

ՀԱԿ-ը համոզմունք է հայտնել, որ առկա են օրինական բոլոր մեխանիզմները և գործիքակազմը` իրավիճակը հանգուցալուծելու համար, և Հայաստանի իշխանությունները օր առաջ պետք է գործադրեն դրանք` երկրի կայունությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու և հեղափոխության նվաճումները պահպանելու նպատակով:

Նշենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 6-ին հրապարակել է բարձր դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ կայացրած որոշումը։
Բարձր դատարանը քննելով Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ հակասահմանադրական էր ճանաչել դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը։ Խոսքը Քրեական դատավարության մասին օրենսգրքի 35-րդ հոդվածի մասին է, որն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։ Բարձր դատարանը, միևնույն ժամանակ, սահմանադրական էր ճանաչել Քոչարյանի մատնանշած մյուս՝ Քրեական դատավարության մասին օրենսգրքի 135-րդ հոդվածը։ Այն խափանման միջոց կիրառելու հիմքերին է վերաբերում:

x