Հորդորում ենք կոնյակ արտադրողներին զերծ մնալ անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից․ ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայումս լայնածավալ ուսումնասիրություններ է իրականացնում կոնյակի շուկայում: Վերլուծվում է դաշտը կարգավորող օրենսդրությունը, ինչի արդյունքում հնարավոր է հանձնաժողովը հանդես գա օրենսդրական փոփոխությունների առաջարկով:

Կատարվում են վերլուծություններ ավելի քան 3 տասնյակ կոնյակ արտադրող կազմակերպությունների առկա պաշարների, մթերվող խաղողի ծավալների և արտադրական հնարավորությունների վերաբերյալ:

Նախատեսվում է դիտանցումներ իրականացնել կոնյակ արտադրող ընկերություններում՝ խաղողի մթերման, խմորման և թորման փուլերում: Անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ շուկայում վաճառվող և արտահանվող կոնյակները կենթարկվեն լաբորատոր հետազոտությունների: Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։

Հայաստանի Հանրապետություն տարեկան ներմուծվում է շուրջ 1 մլն լիտր կոնյակի սպիրտ: Հետևելու ենք, որպեսզի ներմուծվող կոնյակի սպիրտի հետագա օգտագործման ընթացքում բացառվեն անբարեխիղճ մրցակցության դրսևորումները: Տեղեկատվության հավաքագրման նպատակով համագործակցում ենք պետական այլ մարմիններ հետ:
Որոշ տվյալներ մտահոգիչ են. մասնավորապես՝ անհրաժեշտ է հստակեցնել՝ արդյոք մթերվող խաղողի հայտարարվող ծավալները համապատասխանում են իրական պատկերին, թե ոչ:

Հորդորում ենք արտադրողներին զերծ մնալ անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից և մրցակցության պաշտպանության օրենսդրությունը խախտող այլ գործողություններից:

Ուսումնասիրություններն ավարտելուն պես արդյունքները կամփոփվեն, և հանրությանը կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն:

x