Որևէ տրամադրվածություն դատական իշխանության դեմ չկա. արդարադատության նախարարը՝ դատաիրավական սպասվող բարեփոխումների մասին |aysor.am|

aysor.am։ Հայաստանի դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ գործող իշխանությունները դատական իշխանության նկատմամբ որդեգրել են բալանսավորված մոտեցում։

Այսօր ռազմավարության վերաբերյալ քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հստակեցրեց՝ ինչ է նշանակում այդ մոտեցումը։ Նրա խոսքով` այն դատավորները, ովքեր բարեխիղճ կկատարեն իրենց գործը, կիրականացնեն արդարադատություն, ունենալու են նյութական բավարար ապահովվածություն, սոցիալական երաշխիքներ, աշխատակազմ ավելի ընդլայնված, քան ունեն հիմա։

Իսկ այն բոլոր դատավորները, նախարարի խոսքով, ովքեր չեն նպաստելու Հայաստանում արդարադատության իրականացմանը, կենթարկվեն կարգապահական պատժի։ Ռազմավարությամբ, ըստ պաշտոնյայի, ընդլայնված են կարգապահական վարույթների գործիքակազմերը։ Մասնավորապես, ավելացել է գույքային հիմքով կարգապահական վարույթ հարուցելու հիմքը, ինչպես նաև կհստակեցվեն գործող հիմքերը։

«Որևէ տրամադրվածություն դատական իշխանության դեմ չկա, և կարգապահական վարույթ հարուցվելու միջնորդություն Բարձրագույն դատական խորհրդին ներկայացվելու է միայն այն դեպքում, երբ համոզված կլինենք, որ դատավորին պատասխանատվության ենթարկելու հիմքերի մասով բարձր շեմը հաղթահարված է», - այսօր ռազմավարության քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարարը։

Բացի այդ, նույն ռազմավարությամբ, ըստ նախարարի, բարեփոխումներ իրականացվելու են դատախազական, քննչական համակարգերում։ Պաշտոնյայի խոսքով` այդ բարեփոխումների նպատակը լինելու է այդ համակարգերի նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը։

«Բարեփոխումները չեն շրջանցի սնանկության, փաստաբանության, հարկադիր կատարման ոլորտները։ Բոլոր մասերով նախատեսված է կոնկրետ գործողությունների շրջանակ», - հայտարարեց նախարարը։

x