Վաղը Երևանում կանցկացվի ԵԱՏՄ գագաթնաժողովը․ կմասնակցեն նաև Իրանի և Մոլդովայի նախագահները, Սինգապուրի վարչապետը |azatutyun.am|

azatutyun.am։ Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին չեղարկել է իր մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աջակցությամբ Հայաստանում նախատեսված համաժողովին, որին հաջորդելու է ԵԱՏՄ գագաթնաժողովը: «Չգիտեի, որ Պուտինը ներկա է գտնվելու», - The Washington Post-ին ասել է Ջուլիանին:

x