Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության գործողությունները խտրական եւ պատժիչ են. «Սանիեթք»-ի հայտարարությունը

Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության եւ գործին առնչվող մյուս մարմինների գործողությունները` «Սանիթեք» ընկերության կողմից գնահատվում են որպես խտրական եւ պատժիչ` նպատակ ունենալով օտարերկյա ներդրող համարվող ընկերությանը ենթարկել էքսպրոպրիացիայի` բռնագանձելով վերջինիս ակտիվները:

Այս մասին հայտարարություն է տարածել «Սանիթեք» ընկերությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Ս.թ. հոկտեմբերի 3-ին Երեւանի քաղաքապետը հանդիսավոր կերպով ազդարարեց Երեւան քաղաքում աղբահանության օպերատորների հետ պայմանագրերի լուծման մասին եւ դրա վերաբերյալ պաշտոնական ծանուցումներն ուղարկեց օպերատորներին:

«Սանիթեք» ընկերության իրավաբանական թիմի կողմից ծանուցումների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ժամանակագրությամբ ներկայացված հիմքերը վկայում են մեկ բանի մասին` նախընտրական պահից սկսած մինչեւ պայմանագրի լուծման պահը քաղաքային իշխանությունների գերնպատակն է եղել բոլոր հնարավոր մեթոդներով վնասել օպերատորների գործունեությունը` այն հասցնելով իր տրամաբանական ավարտին` պայմանագրերի լուծմանը:

Հասարակությանը չծանրաբեռնելու նպատակով սույն հաղորդագրությամբ մենք չենք անդրադառնա իրավական խրթին հարցերին, փոխարենը կանդրադառնանք մի փաստի, որն այս իրավիճակում համարում ենք էական:

Ծանուցումների վերլուծությունը ցույց տվեց, որ Երեւանի քաղաքապետարանն ըստ էության մինչ քաղաքապետի հայտարարությունը` ցանկացած պահի կարող էր միակողմանի լուծել պայմանագրերը, քանի որ ծանուցումներում նշված իրավական հիմքերը առկա էին վաղուց:

Սակայն, այս պահին պայմանագիրը լուծելու համար անկյունաքարային հանգամանք է հանդիսացել այն, որ Երեւանի քաղաքապետարանի տրամադրած տեղեկությունների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս եկել է մի եզրահանգման, որ Երեւանի քաղաքապետարանի եւ օպերատորների միջեւ պայմանագրերի կնքմանը նախորդել են մի շարք խախտումներ: Ավելին, այս առիթով հարուցվել է քրեական գործ:

Ստացվում է մի իրավիճակ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցելու մասին իր հաղորդագրությամբ կոպտորեն խախտել է անմեղության կանխավարկածը եւ Երեւանի քաղաքապետը, հիմք ընդունելով միայն քրեական գործ հարուցելու մասին փաստը, առաջնորդվել է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությամբ` որպես վերջին ատյանի դատավճիռ, հաստատելով անմեղության կանխավարկածի խախտման փաստը` լուծել է պայմանագրերը:

Հարկ ենք համարում նշել, որ «Սանիթեք» ընկերության դեմ ֆինանսական եւ տեխնիկական սանկցիաներին, բացի Երեւանի քաղաքապետարանից, ՀՀ գլխավոր դատախազությունից եւ ՀՀ ՊԵԿ-ից` վերջերս լծվեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը` աննախադեպ կերպով հրապարակելով մեկ մասնավոր կազմակերպությունում 2018-2019թթ. մարդու իրավունքերի խախտման վերաբերյալ տեղի ունեցած «աղաղակող» խախտումների վերաբերյալ հատուկ զեկույց:

Իսկ այս ողջ ժամանակաշրջանում ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ՀՀ ՊԵԿ-ը, անհիմն քրեական գործեր հարուցելուց բացի, զբաղված էին իրենց որոշումները դատական կարգով վիճարկելու հնարավորությունից «Սանիթեք» ընկերությանը զրկելու գործընթացով, միտումնավոր կերպով բազմաթիվ անգամներ չներկայանալով դատական նիստերին:

Այս հանգամանքը հիմք է տալիս հայտարարելու, որ դատական պաշտպանության միջոցները Հայաստանի Հանրապետությունում չեն գործում եւ պետությունը ի վիճակի չի ապահովել արդար դատաքննության իրավունքի իրացումը օտարերկրյա ներդրողի կողմից:

Ամփոփելով նշվածը` Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության եւ գործին առնչվող մյուս մարմինների գործողությունները` «Սանիթեք» ընկերության կողմից գնահատվում են որպես խտրական եւ պատժիչ` նպատակ ունենալով օտարերկյա ներդրող համարվող ընկերությանը ենթարկել էքսպրոպրիացիայի` բռնագանձելով վերջինիս ակտիվները:

Ինչպես ընդունված է ասել Հայաստանում` ոչ մի բան պատահական չի լինում եւ ոչ մի լավ բան անպատիժ չի մնում»:

x