Շաքարի և կարագի ոլորտներում կան տնտեսվարող սուբյեկտների չափաբաժնի էական փոփոխություններ. ՏՄՊՊՀ նախագահ |shantnews.am|

shantnews.am:   Կառավարության ամբողջական աշխատանքի արդյունքն է եղել, որ այլևս որևէ ձևով չկա պետական անձանց կողմից հովանավորչություն, և ցանկացած տնտեսվարող սուբյեկտ ազատ է զբաղվել բիզնես գործունեությամբ, և դա արտացոլված է նաև թվերով: Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:


«Շաքարի ոլորտում կա տնտեսվարող սուբյեկտների չափաբաժնի էական փոփոխություն, նույնը կա նաև կարագի ոլորտում: Թե´ ներքին արտադրողներն են դառնում մրցունակ, թե´ տարբեր ներմուծողները: Մոտավորապես 20 տոկոսի փոփոխություն կա այդ ոլորտում, դինամիկան դրական է»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այժմ ուսումնասիրություններ են իրականացվում բենզինի ոլորտում, և մինչ տարեվերջ լավ դինամիկա կլինի, ուսումնասիրվում է նաև գազի և կոնյակի ոլորտը:

«Գերիշխողների հետ կապված` ՏՄՊՊՀ-ում խնդիր կա և գազավորված խմիչքների ոլորտում, որտեղ արդեն 2 վարույթ կա, և հիմա մշակվում են այդ ոլորտին ուղղված խաղի կանոնները, թե ինչպես պետք է բիզնես արվի, նաև ծխախոտի ոլորտում նման մի գործունեություն կա»,- նշեց Գևորգյանը:


Ինչ վերաբերում է դեղերի շուկային, ապա հունվարի 1-ից լիցենզիաները տարանջատվում են՝ ներմուծողները և վաճառք իրականացնող ընկերությունները պետք է տարբերակված լինեն:

x