Թրամփը հաստատել է Սիրիայի նավթահորերը պահպանելու համար ռազմական առաքելության իրագործումը |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է իրականացնել ամերիկյան ծավալուն առաքելության իրագործումը Սիրիայի արեւելքում՝ երկրի նավթահորերի պահպանման համար:

Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ իր աղբյուրներին հղում անելով:

Հրապարակման համաձայն՝ Թրամփը նոյեմբերի 1-ին հանդիպել է Պենտագոնի ներկայացուցիչների հետ, այնուհետև հաստատել պլանը, որով նախատեսվում է Սիրիայի արեւելյան հատվածում ԱՄՆ զինվորականների կողմից պահպանվող տարածքն ընդլայնել:

Նշվում է, որ խոսքը քրդական կազմավորումների կողմից վերահսկվող տարածքի մի մեծ հատվածի մասին է, որը գտնվում է Դեր-Զոր եւ Էլ-Հասաքե քաղաքների միջակայքում: ԱՄՆ զինվորականների կողմից վերահսկվող տարածքի ընդհանուր մակերեսը դեռևս հստակեցված չէ:

Գործակալությունը նշում է, որ այս որոշումը մի շարք հարցականներ է թողնում, մասնավորապես ԱՄՆ-ն իր ռազմական ներկայությունը տվյալ տարածքում մեկնաբանում է նավթային հանքահորերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումներից պաշտպանելու անհրաժեշտությամբ, բայց կկարողանա՞ Միացյալ Նահանգները հարվածներ հասցնել սիրիական, ռուսական կամ այլ երկրի ուժերի ուղղությամբ, եթե հիշյալ նավթային օբյեկտներին վտանգ սպառնա:

Դոնալդ Թրամփի հաստատած նախագծի համաձայն՝ Սիրիայում պետք է մնա 800-ից ոչ պակաս զինվորական, որոնցից 200-ը կհաստատվի Էտ-Թանվ բազայում՝ երկրի հարավում: Զինվորականների գլխավոր խնդիրներից առաջնայինը պետք է լինի նավթային հանքահորերի պահպանությունը:

 

x