«ՀՔԾ-ում շարունակում են 2008-ի իշխանության թելը թելել». Մարտի 1-ի տուժածներն ահազանգում են անարդարության մասին |forrights.am|

forrights.am։ Չնայած Թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործը վերաբացվեց ու իշխանությունը որոշում կայացրեց աջակցություն տրամադրել զոհերի հարազատներին ու տուժածներին, գործը քննող ՀՔԾ-ն, պարզվում է, այսօր էլ առաջնորդվում է 2008-ի մարտի 1-ի օրերին Մաշտոցի պողոտայում «խոճկորի ծնոտ» հայտնաբերած Շոթա Վարդանյանի ղեկավարած կենտրոնի դատաբժշկական փորձաքննություններով:

Արդյունքում՝ Մարտի 1-ին իրավապահների կողմից խոշտանգված, մարմնական վնասվածք ստացածները, անգամ հաշմանդամ դարձածներից ոմանք այսօր դուրս են մնացել աջակցության ծրագրից: Ընդ որում, այդ օրերին դատաբժշկական եզրակացություններն այնպես էին գրվել, որ որևէ իրավապահ չդատվեց ցուցարարներին խոշտանգելու, հաշմանդամ դարձնելու, անգամ՝ մահվան հասցնելու համար:

Հարց է, թե ի՞նչ իմաստ ուներ այսօր գործերը վերաբացել, եթե բժիշկներն ու ոստիկանները 2008-ին ամեն ինչ ճիշտ են արձանագրել: Ավելին՝ ՀՔԾ-ն 2008-ին քաղբանտարկյալներին տրված բժշկական եզրակացությունների հիմքով մերժում է հավատալ այլ բժշկական թղթերի:

Մարալիկի բնակիչ, 41-ամյա Ռաջու Պետրոսյանին, որը Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանների կողմից խոշտանգվել է, ՀՔԾ-ում օրերս ասել են, թե չնայած իրեն տուժող են ճանաչում, Պետրոսյանը չի կարող փոխհատուցում ստանալ, քանի որ հիմնվում են Ռաջուի դեմ քրգործի դատաբժշկական եզրակացության վրա, իսկ դրանով իր վնասվածքները թեթև են:

«Ես ապշած եմ: Նոր իշխանությունը քննադատում է նախկին իշխանությանը, վերաբացել է Մարտի մեկի գործը, բայց նորից հիմնվում է նախկինների տված դատաբժշկական եզրակացության վրա, որով նրանք ժամանակին կոծկել ու պարտակել են Մարտի մեկի գործը»,-մեզ հետ զրույցում դժգոհեց Պետրոսյանը՝ շարունակելով. «Պարզ է, որ գրել են էնպես, որ ինձ ծեծած ոստիկանների դեմ քրգործ չհարուցվի, հո չէին գրելու, որ ինձ դաժան ծեծի են ենթարկել: Շատ վատ է, որ ՀՔԾ-ում շարունակում են նախկին իշխանության թելը թելել: Կարծում եմ՝ իմ հետ շատ անարդար են վարվել»:

Ռաջու Պետրոսյանը 2008թ. մարտի 1-ի առավոտյան իրավապահների կողմից մահակներով ծեծի ու խոշտանգման է ենթարկվել նախ Ազատության հրապարակում, հետո՝ ոստիկանական գազելում ու Կենտրոն ոստիկանության բաժանմունքում: Իսկ կալանավորումից հետո Կոշի գաղութում 10 ամսվա բանտարկությունից հետո նրա մոտ ծնկահոդերի խնդիր ու ռևմատոիդ պոլիարթրիտ հիվանդություն է առաջացել, որն այժմ նրան գամել է սայլակին՝ դարձնելով առաջին կարգի հաշմանդամ: Նա վերջերս մեր կայքի միջոցով դիմել էր հանրությանը՝ օգնության ակնկալիքով, քանի որ վիրահատության համար անհրաժեշտ գումարը չունի:

Ռաջուի կինը պատմեց, որ պարտքով գումար է վերցրել առաջին կարգի հաշմանդամ ամուսնուն Երևան՝ ՀՔԾ տանելու համար, իսկ ՀՔԾ-ում ասել են, որ հիմք են ընդունում 2008-ի իշխանության դատաբժշկական եզրակացությունը: «էդ թղթում նշված է, որ վնասվածքները նույնիսկ թեթև չեն, բայց ամուսնուս հետ շատ դաժան են վարվել ու վկաներ եղել են՝ ինչ վիճակում են ամուսնուս տարել մեկուսարան: Իսկ ոստիկանությունում բժիշկները եկել են, տաք ջուր չի եղել, նույնիսկ չեն լվացել վերքերը, թողել, գնացել են»,-պատմեց Ռաջու Պետրոսյանի կինը:

Նրա խոսքով՝ ամուսինը երեք օր էդպես մնացել է, հետո բժիշկները եկել, աչքի պոչով նայել ու գրել են. «Չգիտեմ, էլ դրանից ծանրը ոնց պետք է լինի: Ոտքերին են խփել մահակով, էլէկտրաշոկ են կիրառել, արդյունքում այսօր ամուսինս հաշմանդամ է դարձել, չի կարողանում քայլել, ընտանիք պահել, թոշակով ու նպաստով ենք գոյատևում»:

Գանգոսկրի կոտրվածքով աչքի հրազենային վիրավորումը ՀՔԾ-ում միջին վնասվածք են համարում

2008 թ-ի մարտի 1-ի ուշ երեկոյան Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոց խաչմերուկում աչքի հրազենային վնասվածք ու գանգոսկրի կոտրվածք ստացած Անդրանիկ Հարությունյանը, որն այդ ժամանակ ընդամենը 17 տարեկան է եղել և իրավապահների գործողությունների արդյունքում զրկվել է աչքից, նույնպես զայրացած է, քանի որ անարդար է համարում ՀՔԾ որոշումը իր վերաբացված գործով: Այս դեպքում ՀՔԾ-ն կրկին հավատացել է 2008-ի բժշկական եզրակացությանը ու վերաբացված գործով որոշել, որ Անդրանիկի վնասվածքը ոչ թե ծանր, այլ միջին ծանրության վնասվածք է: Ի դեպ, ոչ զենքը, ոչ կրակողին Մարտի մեկի գործը քննողները մինչ այժմ չեն հայտնաբերել:

«Մի քիչ ջղայնացած եմ, մի քիչ հիասթափված, բայց պայքարելու եմ մինչև վերջ»,-ֆեյբուքյան էջում գրել է Անդրանիկը՝ շարունակելով. «2008 թվականի մարտի 1-ն էր: Ինձ միանգամից տարան Մալայան հիվանդանոց, քանի որ աչքս էր վիրավորվել, բուժօգնություն ցույց տվեցին: Նաև ուղեղի ցնցում և կոտրվածքներ ունեի, տեղափոխվեցի Հանրապետական հիվանդանոց, որպեսզի դեմքիս կոտրվածքներիս հետ կապված օգնություն ցույց տային, հետո պետք է վերադառնայի Մալայանի հիվանդանոց, բայց մեր նախկին իշխանության ոստիկանությունը Հանրապետական հիվանդանոցից, բառիս բուն իմաստով, գողացավ ինձ, տարավ դատախազություն»:

Ժամանակ անց Անդրանիկին տանում են դատաբժիշկի մոտ՝ Հանրապետական հիվանդանոցի բժշկի գրված թղթով: «Դրա մեջ գրված էր, որ ես բողոքում եմ աչքիս տեսողությունից , իսկ մնացած ամեն ինչ լավ է, էն դեպքում, երբ իրականում ես կորցրել էի իմ աչքի տեսողությունը, բայց դե իրենք Սերժից հրաման ունեին, և ով իրենց համար շահավետ ցուցմունք կտար, կդարձնեին ծանր վնասվածք: Ասեմ, որ ինձ դատաբժիշկը չի նայել, այլ ուղղակի թղթերով գրել է»,-գրել է նա:

Մեկ շաբաթ առաջ Անդրանիկը նամակ է գրում ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ խնդրելով իրեն նոր փորձաքննության ուղարկել, նաև ներկայացնում իր մի քանի վիրահատությունների թղթերը, որոնցում գրված է, որ աչքը չի տեսնում, ու բժիշկները պայքարում են մյուս աչքի տեսողության համար: Նա հաշմանդամության կարգ ունի ու ազատվել է բանակից՝ աչքի կուրության պատճառով:

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժում է ինձ՝ պատճառաբանելով, որ նախկին դատաբժիշկը գրել է ճիշտը: Հիմա ես ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ: Մենք ազատվել ենք նախկին իշխանություններից, բայց շարժվում ենք նրանց կեղծ թղթերով: Ում դիմում ենք կոպիտ գցում են իրար վրա»,-դժգոհել է Անդրանիկը՝ հավելելով, որ մենակ ինքը չէ, որ բողոքում է, Մարտի մեկի վիրավորներից շատերը դժգոհում են:

Մարտի 1-ին ոստիկանությունում ու բանտում խոշտանգված ու տեսողությունը կորցրածին ՀՔԾ-ն տուժող չի ճանաչում

Մարտի 1-ին ոստիկանությունում ծեծի արդյունքում տեսողությունը կորցրած նախկին քաղբանտարկյալ Կարեն Թարխանյանին ՀՔԾ-ն ընդհանրապես հրաժարվել է Մարտի 1-ի գործով տուժող ճանաչել՝ պատճառաբանելով, թե ինքը ձերբակալվել է ոչ թե Մարտի 1-ին կամ 2-ին, այլ 4-ին: «Բայց ես նույն Մարտի մեկով եմ դատվել ու նույն հոդվածով՝ որպես կազմակերպիչ, ոնց որ Նիկոլ Փաշինյանը, առանց ապացույցի՝ երկու ոստիկանի կեղծ ցուցմունքով: Ո՞նց կարող եմ ես էսօր տուժող չհամարվել»,-մեզ հետ զրույցում տարակուսեց Թարխանյանը:

Կարեն Թարխանյանը ձերբակալվել է 2008-ի մարտի 4-ի երեկոյան եւ տեղափոխվել Կենտրոնի ոստիկանություն: Մեզ հետ զրույցում պատմեց, որ չնայած էնտեղ ասել էր, որ աչքը նոր վիրահատված է, ինքը առողջական խնդիրներ ունի, նրան դաժան ծեծի են ենթարկել՝ պահանջելով ցուցմունք գրել Նիկոլ Փաշինյանի ու Խաչատուր Սուքիասյանի դեմ: «Ասել են՝ ցուցմունքը տուր, գնա տուն, ես ցուցմունք չեմ տվել»,-պատմեց նա:

«Ինձ աչքի բժիշկի չէին տանում, կարերը աչքիս մեջ ես պատժախցերում եմ եղել, աչքիս կարերը նեխել էին, դրա պատճառով կուրացել եմ»,-հավելեց նա:

Կարենին նախ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրօրի 225-ի 4-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների մասնակցություն, ինչի համար սահմանված է տուգանք: Հետո մեղադրանքը խստացվել է, իսկ մեկ ամիս անց Կարենին նոր մեղադրանք է առաջադրվել. 225 հոդվածի առաջին մաս՝ անկարգության կազմակերպիչ:

«Իմ դեմ գրող, ինձ նստացնող ոստիկանը դարձել է մայոր, փոխգնդապետ, էսօր էլ աշխատում է: Իմ դեմ կեղծ ցուցմունք տվողն էսօր Քոչարյանի դատի ժամանակ կարգ ու կանոն է պահում, որն ինձ հաշմանդամ է սարքել»,-սրտնեղեց Կարենը՝ շարունակելով. «Հորեղբայրս դատի ժամանակ ինֆարկտից մահացավ, մայրս էլ իմ դարդից մահացավ էդ ընթացքում: Լուրջ պրոբլեմների մեջ ընկա»:

Ամբողջական նյութը՝ forrights.am-ում

x