Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է խաղաղ կարգավորման գործընթացում ՀՀ-ի առաջնայնությունները |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրատիսլավայում գտնվող Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել են պարբերաբար տեղի ունեցող հանդիպումների և շփումների կարևորությունը ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում տարածաշրջանին առնչվող հարցերի քննարկման և խնդիրների վերհանման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Նախարար Մնացականյանը Տոյվո Կլաարին ներկայացրել է նախօրեին ԵԱՀԿ Մինսկի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումների մանրամասները և գործընթացի վերաբերյալ Հայաստանի գնահատականները:

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի առաջնայնությունները, որոնք ժամեր առաջ ներկայացրել է ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովին:

Զրուցակիցները կարևորել են ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված վստահության միջոցների ձեռնարկումը: Այս համատեքստում ԱԳ նախարարն արձանագրել է Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացումը:

 

x