Արտակարգ դրության ժամանակ բանակը դառնում է պարզապես ոստիկանությանը աջակից երկրորդ ուժ․ Սոսի Թաթիկյան

Բանակը, նաև ոստիկանանությունն ու անվտանգության մյուս հաստատությունները չպետք է քաղաքականացվեն, և անպայման պետք է տարանջատել բոլոր այդ մարմինների գործառույթները։ Այս մասին 1in.am-ի «1-ին, ինչպես որ կա» հաղորդման ժամանակ ասաց Ազգային անվտանգության միջազգային հարաբերությունների ու հանրային կառավարման փորձագետ Սոսի Թաթիկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Քոչարյանի պաշտպանները խոստացել են ապացուցել՝ բանակը կարելի է օգտագործել ներպետական և ներքաղաքական խնդիրները լուծելու համատեքստում։

«Սա շատ զգայուն ու ցավոտ հարց է։ Այս թեմայով ես ականատես եմ եղել և մասնակցել եմ բազմաթիվ քննարկումների ՄԱԿ-ում, Աֆրիկյան միությունում, նաև Եվրամիության կոնտեքստում։ Այստեղ երեք հիմնական սկզբունք կա։ Առաջինն այն է, որ բանակը, նաև ոստիկանանությունն ու անվտանգության որևէ այլ հաստատություն չպետք է քաղաքականացվի։ Դրանք պետք է լինեն քաղաքականապես չեզոք։ Սա երկու բան է նշանակում․ նախ, դրանք չպետք է օգտագործվեն քաղաքական էլիտայի կողմից՝ իր իշխանությունը պահելու նպատակով, երկրորդն այն է, որ որևէ այլ ուժ չպետք է օգտագործի բանակն ու ոստիկանությունը՝ իշխանության գալու նպատակով, որովհետև այդ դեպքում դա կլինի ռազմական հեղաշրջում»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ, այնուհանդերձ, որոշ երկրներում բանակն այնքան էլ բացասական դեր չի ունեցել 20-30 տարվա վարչակազմերի փոփոխության հարցում, սակայն, այստեղ ևս պետք է մեծ զգուշություն ցուցաբերել։

Նա ընդգծեց բանակի, ոստիկանության և անվտանգության մյուս հաստատությունների գործառույթները տարանջատելու կարևորությունը։ «Այն գնալով ավելի ու ավելի է ամրագրվում միջազգային նորմատիվ փաստաթղթերում, երկրների սահմանադրությունններում ու օրենսդրություններում։ Դա նշանակում է, որ բանակն ուղղված է երկրի պաշտպանությունն իրականացնելու արտաքին թշնամուց, բայց այստեղ ևս պետք է զգույշ լինել, քանի որ կարող է լինել ներքին ռազմական վտանգ»։ Սոսի Թաթիկյանը բացատրեց դա հետևյալ կերպ․ «Օրինակ՝ աֆրիկյան, ասիական շատ երկրներում կան ոչ պետական զինված կամ ահաբեկչական խմբավորումներ, և պարզ է, որ դրանց դեմ նպատակահարմար է կիրառել բանակը»։

Նա նշեց նաև, որ փորձագետների ճնշող մեծամասնությունը համարում է՝ բացարձակ անընդունելի է բանակն օգտագործել խաղաղ ցուցարարների դեմ, ապա մեկնաբանեց դիտարկումը, թե ինչ անել այն դեպքերում, երբ ցուցարարները խաղաղ չեն, ուժ կամ զենք են գործադրում։ «Այդ զենքը կարող է լինել քար, փայտ կամ լուրջ զինատեսակներ։ Նույնիսկ այն դեպքում, երբ ցուցարարների շրջանում զինված մարդիկ կան, պետք է հաշվի առնել ուժի համաչափության սկզբունքը։ Այսինքն՝ նույնիսկ եթե բանակն ու ոստիկանությունը ներգրավվեն ներքին անվտանգության ապահովման գործում, ապա չի կարելի գործադրել ավելի մեծ ուժ, քան ցուցարարներն են գործադրել»։

Ազգային անվտանգության միջազգային հարաբերությունների ու հանրային կառավարման փորձագետը անդրադարձավ հարցին, թե որ դեպքում ու ինչ մեխանիզմով կարելի է բանակը ներգրավել։ «Դա պետք է լինի երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում։ Իսկ դրա լավագույն պրակտիկա կարելի է համարել, երբ Ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարվում, այնտեղ համապատասխան որոշում է ընդունվում, և երկրի ղեկավարը, ԱԱԽ-ն այն ներկայացնում են ԱԺ։ Խորհրդարանը պետք է այդ որոշումը հաստատի, հավանություն դա։ Այսինքն՝ չի կարող նման որոշումը միանձնյա կայացվել»,- ասաց Սոսի Թաթիկյանը։

Նա ավելացրեց, որ եթե նույնիսկ հայտարարվում է արտակարգ դրություն, չի նշանակում, որ բանակը գալիս և իրավիճակի ամբողջ կազմակերպումն իր ձեռքն է վերցնում։ Այն պարզապես դառնում է ոստիկանությանը աջակից երկրորդ ուժ։

«Մի քանի շաբաթ առաջ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը «դեղին ժիլետներ»-ի ցույցերի ժամանակ բանակի որոշակի քանակություն տեղակայեց Փարիզի փողոցներում։ Դա դարձավ բազմաթիվ հակասական մեկնաբանությունների առիթ։ Բայց այնտեղ ի՞նչ էր անում բանակը, հեռվում կանգնած նայում էր։ Դա սիմվոլիկ բնույթ էր կրում, բանակը ոչ մի ուժ չի կիրառել։ Դա պարզապես տեղի ունեցավ այն պատճառով, որ Փարիզում իրավիճակը լրիվ դուրս էր գալիս վերահսկողությունից, ցուցարարները ջարդում էին, նաև հարձակվում ոստիկանության վրա։ Այսինքն՝ բանակի դերը կարող է լինել, օրինակ, ոստիկանությանը պաշտպանելը»,- ասաց նա՝ նորից ընդգծելով, որ բանակը պետք է լինի հետևի պլանում, աջակից և երբեք չպետք է իրավիճակի կառավարման առաջնային ուժ լինի։ «Եվ դա էլ ծայրահեղ իրավիճակներում է թույլատրելի, երբ իրավիճակը բացարձակ անկառավարելի է, իսկապես լայնամասշտաբ բռնություն է կիրառվում»,- ասաց Ազգային անվտանգության միջազգային հարաբերությունների ու հանրային կառավարման փորձագետ Սոսի Թաթիկյանը։

x