Երևանի համար կարևոր նախագծերը կներկայացվեն քաղշին խորհուրդ․ Հայկ Մարության

Երևանի համար կարևոր հիմնական նախագծերը կներկայացվեն քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի քննարկմանը: Այդ մասին հայտարարել է քաղաքապետ, խորհրդի նախագահ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական նոր խորհրդի անդրանիկ նիստում:

Նա համոզմունք է հայտնել, որ որոշումները կկայացվեն բազմակողմանի քննության արդյունքում: Կարևորելով մասնագիտական թիմի գործունեությունը՝ նիստը վարող Մարությանը նկատել է, որ խորհրդի աշխատանքը հնարավորություն կտա քաղաքն առաջ տանել ճիշտ ուղղությամբ:

Անդրանիկ նիստում խորհրդի քննարկմանը 2 էսքիզ-առաջարկ էր ներկայացված՝ Պարոնյան 15 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի և Բարբյուսի 66 հասցեում, Կիևյան կամրջի հարևանությամբ բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման:

Երկու կառույցների վերաբերյալ հնչեցին տարբեր կարծիքներ, առաջարկներ ու դիտարկումներ: Ճարտարապետները մի քանի խնդիրներ նշեցին հարկայնության ու կանաչ գոտիների ստեղծման հետ կապված: Քվեարկության արդյունքում միաձայն որոշում կայացվեց առաջին էսքիզ-առաջարկն ուղարկել վերամշակման, իսկ երկրորդը մերժվեց ձայների ճնշող մեծամասնությամբ:

«Այսօր մենք շատ կարծրատիպեր քանդում ենք նաև քաղաքաշինական ոլորտում, իհարկե` ոչ թե մասնագիտական, այլև մոտեցումների առումով, և բնականաբար, մենք պետք է նաև զսպող մեխանիզմներ ունենանք:

Մենք, այո՛, բոլորին թույլտվություններ ենք տալիս, ասում ենք շատ լավ է, եկեք արեք շինարարություն, գնանք առաջ, բայց Երևան քաղաքը պետք է իր ոճը ունենա, ընդհանրապես տրամաբանությունն ունենա, որտեղ ենք մենք, ուր ենք գնալու և ինչ ճանապարհ ենք ուզում անցնել, և ի վերջո ինչ ենք ուզում ստանալ»,-նշել է քաղաքապետը:

«Մեծ նախագծերը, կարևոր նախագծերը, հանրային մեծ հնչեղություն ունեցող նախագծերը մենք անպայման կուզենանք, որ մտնեն քաղաքաշինական խորհուրդ, որպեսզի առավել լայն կերպով քննարկվեն, հնարավորին շատ կարծիքներ հնչեն, լավագույն մասնագետների կարծիքները հնչեն, և այդ բոլոր կարծիքների հիման վրա էլ ձևավորվի մի կարծիք, որով մենք կշարունակենք գնալ առաջ:

Յուրաքանչյուր որոշում այսուհետ չի լինելու միանձնյա, կներեք, որ այսպես եմ ասում, որովհետև շատ հաճախ առաջներում դա այդպես էր արվում, միանձնյա որոշում էր կայացվում, և շատ հաճախ ոչ մասնագիտական, այլ քաղաքական որոշումներ էր կայացվում: Այս խորհուրդը լինելու է հենց մասնագիտական կարծիքի գեներատոր՝ Երևան քաղաքի կարևոր կառույցների ու յուրաքանչյուր մեծ նախագծերի համար»,- ընդգծել է Հայկ Մարությանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական նոր խորհրդում ընդգրկված են տարբեր սերունդների փորձառու ճարտարապետներ: Ինչպես տեսնում եք, կազմը բավականին փոխված է, և մենք նախկին քաղաքաշինական խորհուրդը վերընտրելու փոխարեն որոշեցինք այս անգամ գնալ մի փոքր ուրիշ ճանապարհով. քաղաքաշինական խորհրդի մեջ ընդգրկել այն ճարտարապետներին, որոնք ունեն արդեն բավականին հետաքրքիր փորձառություն, հետաքրքիր կառույցներ և ունեն բավականին հետաքրքրիր վերաբերմունք ու մոտեցում բոլոր այն խնդիրներին, որ այսօր առկա են մեր առջև:

Սա չի լինելու այն խորհուրդը, որի շնորհիվ ճարտարապետները հնարավորություն կունենան հավելյալ պատվերներ ստանալու, ես կարծում եմ՝ դուք այն աստիճանի կայացած մարդիկ եք, որ այդ խնդիրը չունեք»,- նշել է Երևանի գլխավոր ճարտարապետը:

x