2018-ին քրեական հետապնդման է ենթարկվել 398 պաշտոնատար անձ, 16-ը` կասկածյալի, 382-ը՝ մեղադրյալի կարգավիճակով |hetq.am|

hetq.am: 2018 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է 1233 կոռուպցիոն բնույթի քրեական գործ։

Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պետական-իրավական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում ասաց քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանի հարցին։

Հայկ Գրիգորյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատությամբ նման գործերի թիվը աճել է 691-ով։

«Քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 795 անձ, 658-ը ներգրավվել է որպես մեղադրյալ, մեղադրանք է առաջադրվել 585 անձի, դատի է տրվել 190 անձ, 1233 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 398 պաշտոնատար անձ, որոնցից 16-ը` կասկածյալ, 382-ը՝ մեղադրյալ»,- ասաց Հայկ Գրիգորյանը։

Քննչական կոմիտեի ղեկավարը մանրամասնեց, թե այդ գործերը որ ոլորտներին են առնչվում։ Առողջապահության ոլորտ՝ 13 մեղադրյալ, 1 կասկածյալ, կրթության ոլորտ՝ 33 մեղադրյալ, 2 կասկածյալ, իրավապահ համակարգ՝ 1 մեղադրյալ, պետական գնումների ոլորտ՝ 2 մեղադրյալ, սոցիալական ապահովության ոլորտ՝ 55 մեղադրյալ, 1 կասկածյալ, էներգետիկայի և բնական պաշարների ոլորտ՝ 22 մեղադրյալ, ՏԻՄ ոլորտ` 71 մեղադրյալ, պաշտպանության և զինված ուժերի ոլորտ՝ 114 մեղադրյալ, 10 կասկածյալ, և այլ ոլորտներում 91 մեղադրյալ։

x