Կատաղի կրքեր՝ ԵԽԽՎ-ում. Ստրասբուրգի խորհրդարանը քննարկում է Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը. Նաիրա Զոհրաբյան

Այս պահին Ստրասբուրգի խորհրդարանը քննարկում է Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պատվիրակության կազմում ԵԽԽՎ-ում գտնվող ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Երեք տարի է Ռուսաստանը ԵԽԽՎ-ում զրկված է ձայնի իրավունքից եւ չի մասնակցում Վեհաժողովի աշխատանքներին։ Այստեղ, հիմա, այս պահին շեքսպիրյան բուռն կրքեր են. Ուկրաինայի, Վրաստանի, Բրիտանիայի եւ մի շարք այլ երկրների պատվիրակները պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի, եթե Վեհաժողովը վերականգնի Ռուսաստանի ձայնի իրավունքը։

Մինչդեռ, խնդիրը շատ պարզ է՝ դուրս մղելով Ռուսաստանին ԵԽ-ից եւ զրկելով մոտ 150 միլիոն քաղաքացու իրենց խախտված իրավունքների համար դիմելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարան եւ ԵԽ մնացյալ ինստիտուտներին, դրանով
ի՞նչ հարց ենք մենք լուծելու։

Ի վերջո, ԵԽ-ի հիմնարար արժեքներից է երկխոսությունը, որի անդառնալի խզումը բացելու է պանդորայի արկղը։
Քվեարկությունը, եթե ֆորս-մաժորներ չլինեն, տեղի կունենա կեսգիշերին»,-գրել է Զոհրաբյանը։

x