Քրեական աշխարհի դեմ պայքարի ձեւը. Դա կոչվում է «վատ ծառայությունների մոնոպոլիզացիա» |lragir.am|

lragir.am: Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը: 

Պարոն Սարգսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատախազությունում հայտարարել է, որ Հայաստանում պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը։ Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվել և արդյոք չեզոքացվե՞լ է քրեական տարրերի դերը քաղաքականության մեջ։

Քրեաօլիգարխիկ համակարգը երբ վերացնում ես, բնական է, որ քրեական տարրերի ազդեցությունը կտրուկ անկում է գրանցում, թեկուզ իրավիճակային։ Հիմա, թե ինչպես պետք է երաշխիքներ ստեղծես, որ երբևէ չաճի քրեական աշխարհի ազդեցությունը, դա է հարցը։ Քրեական աշխարհի դեմ պայքարի ձևերը աշխարհում շատերը գիտեն։ Դա կոչվում է վատ ծառայությունների մոնոպոլիզացիա, այսինքն՝ եթե քրեական աշխարհը որպես վատ ծառայությունների ոլորտ վերցնես, նորմալ երկրներն այդ ոլորտը նեղացնում, փոքրացնում են մոնոպոլիզացիայի միջոցով, հատուկ ծառայություններն արհեստականորեն ազդեցություն են գործում այդ աշխարհի վրա։ Այսինքն՝ այդպիսի խմբերին իրար դեմ են հանում, նրանցից մեկին արհեստական լիազորություններ են տալիս, մնացածներին խեղդում է։ Հիմա ես չգիտեմ, թե մարդիկ Հայաստանում նման բաները որտեղից պետք է հասկանան։

Ամեն տեղ էլ քաղաքացիների մի մասը քրեականացված է և չի ենթարկվում պետական օրենքին։ Պետություն կա՝ այդ ոլորտը մեկ տոկոս է, պետություն կա՝ 5 տոկոս, պետություն կա՝ 15 տոկոս։ Խնդիրն այն է, որ այդ մարդիկ ամեն կերպ իրենց բաժանում են պետական օրենքից և ապրում են սեփական օրենքով։ Հասկացողները գիտեն, որ պետք է մեկուսացնես, թուլացնես նրանց ազդեցությունը։ Բայց եղել են պահեր, երբ այդ աշխարհը լրիվ քանդում ես, հաճախ ամբողջ քրեական տարրերը թափանցում են պետական համակարգ, որ իրենց պաշտպանեն։

Հայաստանում քաղաքականության քրեականացումը նաև դրա հետ է կապված, որ չեն կարողացել լուծել քրեական աշխարհի խնդիրը։ Ես չեմ կարծում, որ Հայաստանում այդ գիտելիքները կան և գիտեն, թե այդ հարցին ինչպես լուծում տան։

Հանրության միջից ինչպե՞ս պետք է դուրս գա քրեական ենթամշակույթը։ Դա ինչպե՞ս պետք է հաղթահարել։

Մենք ունեինք հանրություն, որը խորհրդային գաղափարախոսությամբ ապրում էր։ Այդ գաղափարախոսությունը սերունդեսերունդ աշխարհընկալում էր ստեղծել։ ԽՍՀՄ-ում ժողովուրդները մի քիչ իրենց ազգային ավանդույթներն էին պահում, մի քիչ էլ կոմունիստական գաղափարախոսությունն էր ներթափանցել։ Երբ կոմունիզմը դուրս եկավ, տակը մնացին ավանդույթները, որոնք չէին կարող պետական ու հանրային կյանք ձևավորել։ Մարդիկ, օրինակ, հավատ չունենալով գնում էին եկեղեցի։ Ձևական էր դա, և անընդհատ այդ ավանդական մոտեցումների ձևականությունը մեծանալով սկսել է քանդվել, ու դա փոխարինվել է քրեականով։ Բոլոր տեղերում, եթե չկա պետական, իրավական գիտակցություն, միայն ավանդույթներով են մարդիկ փորձում ապրել, հարաբերություններ ստեղծել, իսկ ավանդույթները էֆեկտիվ չեն, և այն լցվում է քրեական մտածողությամբ։ Այսինքն՝ քրեականացումը ապագաղափարական վիճակից է գալիս։ Եթե դուք հիմա ուզում եք, որ քրեական մտածողությունը դուրս գա, պետք է հանրությունը իրավական գիտակցություն ձեռք բերի, ինչը շատ դժվար է։

Այսինքն՝ որքան էլ նշվում է, որ մենք իրավագիտակից հանրույթ ունենք, դրանք այնքան էլ հիմնավոր պնդումներ չե՞ն։

Մենք ունենք հասարակություն, որը մեկ տարի առաջ պայքարի ձևերն ընդունել է և իրականացրել է։ Դա չի նշանակում, որ հանրության մեծամասնությունն իրավական գիտակցություն ունի։ Ավանդական մտածողությամբ մարդիկ ևս կարող են պայքարել, պետք չի դրանք իրար խառնել։ Ի տարբերություն եվրոպական զարգացած երկրների, մեզ մոտ ընկալումները շատ տարբեր են։ Կարող է քաղաքական խնդիրներ դնենք եւ ավելի լավ լուծենք, քան ցանկացած այլ ժողովուրդ, բայց դա չի նշանակում, որ հանրության ընդհանուր գաղափարական որակը բարձր է, ոչ։

x