Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցներն ահազանգում են՝ իրենց առաջարկում են աշխատանքից ազատվել |azatutyun.am|

azatutyun.am: Երկու օր առաջ Սոչիի միջազգային օդանավակայանի ազգությամբ հայ աշխատակիցները հայտարարություն են տարածել, որում ասված է, որ օդանավակայանի ղեկավարությունը հայերի նկատմամբ խտրականություն է դրսևորում և արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատանքից ազատում է ազգությամբ հայ աշխատողներին:

Հայտարարությունը ստորագրել է 29 մարդ: Հաջողվեց զրուցել նրանցից մի քանիսի հետ: Սարգիս Մարգարյանը, մասնավորապես, պատմեց՝ իրեն ներքին կարգով ասել են, թե կա հրահանգ վերևից՝ աշխատանքից ազատել բոլոր հայերին, և առաջարկել են դիմում գրել: Աշոտ Կարագեչյանը, իր հերթին, հայտարարեց․ - «Այն ամենը, ինչ նշված է հայտարարությունում, միանշանակ ճիշտ է: Ես հաստատում եմ այդ հայտարարության ամեն տողը»:

Սոչիի օդանավակայանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ օլիգարխ Օլեգ Դերիպասկայի «Բազել Աէրո» ընկերությանն է պատկանում: Ընկերության մամուլի ծառայության ղեկավար Աննա Շալիմովան, վկայակոչելով Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը, «Ազատության» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հերքեց հայազգի աշխատակիցների հայտարարությունում տեղ գտած մեղադրանքները, նշելով, թե օդանավակայանի անձնակազմը բազմազգ է, և կադրային քաղաքականությունը ընկերությունում համապատասխանում է Ռուսաստանի օրենսդրությանը:

Բացի այդ, Սոչիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնում է․ - «Սակայն մարդկանց մի փոքրիկ խումբ, որ վերջերս են դադարել աշխատել ընկերությունում, դիտավորյալ օգտագործում են ազգային պատկանելիությունը՝ պահանջելով հատուկ պայմաններ իրենց համար: Մենք համարում ենք, որ այս խմբի գործունեությունը ոչ միայն իրավական դաշտում չէ, այլ նաև հրահրում է ազգամիջյան ատելություն, ինչն անթույլատրելի է»:

x