Նյարդավիրաբույժները հրաժարվում են հետազոտել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում պահվող կալանավորին. փաստաբան

news.am Արդեն մի քանի օր է Երևանի տարբեր ԲԿ–ների նյարդավիրաբույժներ հրաժարվում են գալ և հետազոտել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում պահվող կալանավոր Ռազմիկ Սահակյանին։ Այս մասին հայտնում է կալանավորի պաշտպան, փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ նշելով, որ նման խնդրի առաջին անգամ է բախվում։

Սահակյանը արդեն երեք ամիս է կալանքի տակ է ապօրինի կերպով թմրամիջոցներ իրացնելու գործով և լուրջ առողջական խնդիրներ ունի։

Հաշվի առնելով, որ կալանավորն ունի նյարդավիրաբույժի կարիք, իսկ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում նման մասնագիտացմամբ բժիշկ չկա, պաշտպանը դեռևս 10 օր առաջ դիմել է հանրապետության հայտնի նյարդավիրաբույժներին։ Արսեն Մկրտչյանի խոսքով՝ բժիշկները սկզբում համաձայնություն են տվել գալ և հետազոտել կալանավորին, սակայն խոսելով հիվանդանոցի տնօրինության հետ՝ հրաժարվել են։

«Նախկինում նախապես տեղյակ էինք պահում ՔԿՀ–ի աշխատակազմին, որ մեր նախընտրած բժիշկը գա և հետազոտի հիվանդին. նման փորձ ունեցել ենք Մանվել Գրիգորյանի դեպքում, երբ այլ հիվանդանոցից բժիշկներ էինք հրավիրել, սակայն արդեն 10 օր է բժիշկներն, առանց որևէ հիմնավորման, հրաժարվում են գալ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ և հետազոտել իմ պաշտպանյալին։ Օրեր առաջ դիմել էինք «Արմենիա» ԲԿ–ի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանին, ով պատրաստակամություն էր հայտնել հետազոտել կալանավորին, սակայն երբ արդեն պետք է ՔԿՀ–ում տեղեկանք ներկայացնեինք՝ վերջին պահին հրաժարվեց»,–ասաց փաստաբանը՝ դժգոհելով, որ ներկայումս վճարովի հիմունքներով անգամ հնարավոր չէ կազմակերպել իր պաշտպանյալի հետազոտումը։

Պաշտպանի խոսքով՝ խնդիրը կապված չէ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։ Փաստաբանը կասկածներ ունի, որ հրահանգն իջեցվել է Արդարադատության նախարարության կամ Առողջապահության նախարարության կողմից։

«Փաստորեն արդեն 10 օր է խախտվում է իմ պաշտպանյալի՝ պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքը»,–ասաց Մկրտչյանը։

«Արմենիա» ԲԿ–ի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը չպարզաբանեց խնդրի պատճառը։

 

x