ՌԴ կառավարությունը սահմանել է միգրանտների թույլատրելի քանակը տնտեսության ոլորտներում |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է կառավարության որոշում, որը 2020 թվականի համար սահմանում է տնտեսության մեջ օտարերկրացի աշխատողների առավելագույն թիվն ըստ ճյուղերի և Ռուսաստանի տարածաշրջանների: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով կառավարության պաշտոնական կայքին:


Նշվում է, որ օտարերկրյա աշխատուժի թույլատրելի մասնաբաժինը որոշվում է տնտեսական գործունեության յուրաքանչյուր տեսակի համար առանձին: Այն հաշվարկելիս հաշվի են առնվում տարածաշրջանային առանձնահատկությունները և առաջնային է համարվում Ռուսաստանի քաղաքացիների զբաղվածության ապահովումը:

Ըստ փաստաթղթի՝ շինարարության ոլորտում օտարերկրյա աշխատողների թույլատրելի մասնաբաժինը կարող է լինել 80%: Բացառություն են կազմում Բուրիաթիան, Ամուրի շրջանը և Մոսկվան: Դաղստանում այդ ցուցանիշը կկազմի 50%:

Բանջարեղենի աճեցման ոլորտում աշխատողների այս տարվա համար թույլատրելի 50% մասնաբաժինը կպահպանվի: 2020 թվականին այդ կանոնը կկիրառվի Ռուսաստանի ողջ տարածքում:

Ինչ վերաբերում է ցամաքային այլ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների գործունեությանը, ապա այստեղ թույլատրելի մասնաբաժինը կազմում է 26%, իսկ սպորտի ոլորտում` 25%:

x