Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ

Աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 5-ին հանդիպեց Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց Ան Լինդեին՝ Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթեց ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում:

Զոհրաբ Մնացականյանը և Ան Լինդեն գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են և հիմնված են ամուր ու բարեկամական համագործակցության վրա՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ ուղենշելով առկա համագործակցության առավել զարգացման և նոր ոլորտների ներգրավման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը, այդ թվում տեղում դիվանագիտական ներկայության ամրապնդումը:

Անդրադառնալով Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումների շրջանակում Շվեդիայում անցկացվող նախարարական հանդիպմանը՝ Զոհրաբ Մնացականյանը և Ան Լինդեն ընդգծեցին, որ այն հնարավորություն է ընձեռում գնահատելու ինչպես արձանագրված հաջողությունները, այնպես էլ՝ Եվրոպայում ավելի մեծ երկկողմ և բազմակողմ համագործակցությանն ուղղված հեռանկարները:

Զոհրաբ Մնացականյանն իր շվեդ գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրերը և վերահաստատեց ՀՀ կառավարության հանձնառությունն՝ ուղղված մարդու իրավունքների խրախուսմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը և դատաիրավական բարեփոխումներին: Այդ գործընթացներում ԱԳ նախարար Մնացականյանը մեծապես արժևորեց Շվեդիայի իշխանությունների՝ Հայաստանին տրամադրվող աջակցությունը:

Հայաստանում տեղի ունեցող գործընթացներում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորեց կանանց և երիտասարդության լայն ներգրավումը: Այս առնչությամբ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը խթանելու կանանց ակտիվ մասնակցությունը հանրային կյանքում, ազգային և գլոբալ մակարդակներով՝ այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևի շրջանակում:

Կողմերն անդրադարձ կատարեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի: Զոհրաբ Մնացականյանն Ան Լինդեին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցային գործընթացի վերջին զարգացումները և այդ առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Երկուստեք կարևորվեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների իրականացումը:

x