Միհրան Պողոսյանը ՀՔԾ-ին առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, քանի որ գտնվում է արտերկրում

ՀՀ ԱԺ նախկին պատագամավոր Միհրան Պողոսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանն առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, քանի որ գտնվում է արտերկրում:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ Պողոսյանը հրավիրվել էր հարցաքննության, սակայն չէր ներկայացել:

Օհանջանյանն ասաց, որ Պողոսյանի տեսակապի միջոցով հարցաքննելու առաջարկը մերժվել է՝ այդպիսի ընթացակարգ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված չլինելու հիմքով: «Վարույթն իրականացնող մարմինը Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով հայտնել ՀՀ վերադառնալու ժամկետների մասին»,- հավելեց Օհանջանյանը:

Մի քանի օր առաջ տեղեկացրել էինք, որ Օֆշորի գործը վերաբացելուց հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունը փորձում է կապ հաստատել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ՝ նրան հարցաքննության հրավիրելու համար:

Սույն թվականի հունվարին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը վերաբացվել է:

Ավելին՝armtimes.com-ում

x