Սոցիալական ոլորտին 2020 թ. տրամադրվող պետբյուջեն 42 մլրդ դրամի չափով ավելացվել է, կտրամադրվի 456 մլրդ 905 մլն դրամ․ սոցապ նախարար |tert.am|

tert.am: Սոցիալական ոլորտին 2020 թ. տրամադրվող պետական բյուջեն 42 մլրդ դրամի չափով ավելացվել է․ այս մասին այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում «Բյուջե 2020» թեմայով հրավիրված քննարկմանը հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Սոցիալական ոլորտին տրամադրվել է 456 մլրդ 905 մլն դրամ, որը ներառում է նաև կենսաթոշակների բարձրացումը, որի մասին վարչապետը հայտարարեց, ինչպես նաև ծառայությունների մատուցումը կանանց, տարեցներին, երեխաներին, հաշմանդամներին և այլն»,-ասաց նա։

Բաթոյանը նշեց, որ մանրամասն բացվածքով բյուջեն հրապարակված չէ և դեռևս իրականացվում են խմբագրական աշխատանքները, ուստի ավելի շատ ընդհանուր ծրագրերի մասին կխոսի։

Ըստ նախարարի՝ երկու խնդիր է շեշտադրվում՝ մի կողմից եղած ծրագրերի արդյունավետությունը բարակացնելուն է ուղղված լինելու, թե ինչպես անեն, որ քաղաքացիները օգտվեն և դրանք արդյունավետ լինեն, մյուս կողմից նոր ծրագրերը պետք է այնպես իրականացնել, որ հիմք լինեն առաջիկայում նոր ծրագրեր իրականացնելու՝ նոր մոտեցումներով, որոշները կլինեն նաև պիլոտային։

Զարուհի Բոթոյանը մի քանի նոր ծրագրի ուղղություններ նշեց, որոնցից շատերը, ըստ նրա, համաֆինանսավորմամբ կիրականցվեն և կարևորեց հատկապես սոցիալական դեպքի վարման ծառայությունը։

«Մինչև այսօր համայնքների այն անձանց, որոնք սոցիալական դեպքերն են վարում, ցավոք, բյուջեից գումար չի տրամադրվում այդ դեպքերը վարելու համար, և մենք նախատեսում ենք այս ուղղությամբ գումարներ հատկացնել»,-ասաց նա և ավելացրեց, որ ծրագիրն իրականացնելու համար ակտիվ կհամագործակցեն մարզկենտրոնների, համայնքների հետ։

 

x