Իջևանում կատարվածը մի քանի անձանց պրովոկացիան էր․ Վանեցյան |24news.am|

24news.am: «Իջևանում կատարվածը մի քանի անձանց պրովոկացիան էր, ոչ թե ժողովրդի ձայնը»,- այսօր Իջևանում Տավուշի մարզպետի ու իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումից հետո հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Համոզված եղեք՝ վառելափայտի բիզնեսի տերերը բացահայտվելու են, խորը քննություն է տարվելու։ Իսկ կառավարության նիստի ժամանակ հնչեց մարդկանց քանակ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել երեկվա դեպքերին»,-ասաց նա։

Արթուր Վանեցյանը նաև նշեց, որ անտառները պետք է ավելի արդյունավետ օգտագործվեն, ոչ թե միայն որպես վառելափայտ։

«Առաջին՝ մեր անտառները կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ, ու թույլատրել կազմակերպել զբոսաշրջային տարածքներ, երկրորդ՝ այն թափուկը, որն իսկապես անհրաժեշտ է մարդկանց տունը ջեռուցելու համար մարզպետարանի կամ համայնքի ղեկավարների միջոցով պետք է բաժանվի մարդկանց։ Բայց հարցը պետք է կարգավորի պետությունը՝ որոշ մարդկանց միջոցով հավաքելով այն»,-ասաց նա։

ԱԱԾ տնօրենն հիշեցրեց, որ վերջերս իրենք բոլոր անտառապատ տարածքներում իրականացրել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հարուցված են քրեական գործեր։

x