Երեւանում ընթացող Եվրո 2019-ում ՀՀ-ն այլեւս շանսեր չունի, կիսաեզրափակչի 1-ին մասնակիցը Ֆրանսիան է |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն այլեւս Եվրո 2019-ի խմբից դուրս գալու շանսեր չունի: 2-րդ տուրում 2-րդ անընդմեջ պարտությունը կրելուց հետո առանց միավորների տեղավորվել է A խմբի վերջին՝ 4-րդ, հորիզոնականում: Այս խմբում ուղեգրերի համար պայքարում են 3 թիմեր: Դրանք են մրցաշարի ռեկորդային 7-ակի չեմպիոն Իսպանիան, գործող չեմպիոն Պորտուգալիան եւ Իտալիան:

Առաջին հորիզոնականը զբաղեցնող Իսպանիան 4 միավոր ունի: Պորտուգալիան նույնքան միավոր ունի, սակայն զիջում է լրացուցիչ ցուցանիշներով եւ 2-րդն է: Իտալիան 3 միավորով 3-րդն է:

Կիսաեզրափակչի առաջին մասնակիցը Ֆրանսիան է: Թիմն ուղեգիրը ձեռք բերեց երեկ՝ հուլիսի 18-ին, 2-րդ տուրում Իռլանդիային հաղթելու շնորհիվ: Մրցակցի նկատմամբ «Բանանց» մարզադաշտում առավելության հասավ 1:0:

Սա ֆրանսիացիների 2-րդ անընդմեջ հաղթանակ էր, ինչից հետո միավորների քանակը հասցրին 6-ի եւ ամրագրեցին B խմբի առաջին հորիզոնականը: 2-րդ տեղում Նորվեգիան է, որը երեկ 2-րդ ոչ-ոքին խաղաց: Չեխիայի դեմ հանդիպումն ավարտվեց 0:0: Հիմա ունի 2 միավոր: Մեկական միավոր ունեցող Իռլանդիան ու Չեխիան համապատասխանաբար 3-րդն ու 4-րդն են: Խմբային փուլի վերջին՝ 3-րդ, տուրում այս խմբից 3 թիմ պայքարելու է 2-րդ տեղի համար:

Խմբային փուլի 2 տուրերից հետո ամենից շատ մրցակիցների դարպասը գրավել են իսպանացիները՝ 5 անգամ: 4-ական անգամ հաջողության են հասել այս ցուցանիշով համապատասխանաբար 2-4-րդ տեղերում ընթացող Պորտուգալիան, Ֆրանսիան ու Իտալիան: Լավագույն ռմբարկուն Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» պաշտպան Խուան Միրանդան է: Աչքի է ընկել 2 անգամ:

Խմբերի մրցաշարային աղյուսակները վերջնական տեսք կստանան հանգստյան օրերին: Շաբաթ օրը՝ հուլիսի 20-ին, կկայանան A խմբի, իսկ հուլիսի 21-ին՝ B խմբի 3-րդ տուրի հանդիպումները: Բոլոր խաղերը կսկսվեն 21:00-ին: A խմբի Իսպանիա-Իտալիա հանդիպումը տեղի կունենա Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում, Պորտուգալիա-Հայաստան խաղը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: B խմբի Ֆրանսիա-Նորվեգիա խաղը «Բանանցում» է, Իռլանդիա-Չեխիա խաղը՝ ակադեմիայում:

x