Մեր խնդիրն է ստանալ հնարավորինս շատ արդյունք՝ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց. Փաշինյան |shantnews.am|

shantnews.am։ «Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը իսկապես Խորհրդային Հայաստանի արդյունաբերական տանող ուժն են եղել, այդ ուժի անբաժանելի մասը: Այս հանդիպումը ևս մեկ առիթ է՝ արձանագրելու, որ մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք իսկապես որպես արդյունաբերական երկիր: Սա կարևոր արձանագրում է, որ մենք անընդհատ պիտի անենք, և ոչ միայն արձանագրումների մակարդակով խոսենք այս մասին, այլև մեր գործողությունները միտված լինեն հենց այդ նպատակի իրագործմանը»,- ասաց նա:

Վարչապետը նշեց՝ Կառավարությունը մշտական շփումների մեջ է ՀՀ արդյունաբերողների հետ, ընդգծեց՝ իրենց քաղաքական առաջնային խնդիրներից է ապահովել այնպիսի պայմաններ, որ արդյունաբերության և արդյունաբերողների մրցունակությունը կզարգացնեն:

«Սա կարևոր ու նուրբ աշխատանք է, որ առաջիկայում պատրաստվում ենք անել: Մենք արդյունաբերությանը և արդյունաբերողներին աջակցելիս պետք է համոզված լինենք, որ իսկապես իրականացնում ենք նրանց ինստիտուցիոնալ կարողությունները հզորացնելու քաղաքականություն, ոչ թե կոպիտ ասած նրանց «նստեցնում ենք» աջակցության վրա՝ մեծ հաշվով թուլացնելով նրանց մրցունակությունը, գործունակությունը: Մենք պետք է իսկապես ինստիտուցիոնալ առումով զարգացնենք նրանց հնարավորությունները: Կոտայքի մարզը մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նկատեց՝ Կոտայքը նաև մեծ զբոսաշրջային պոտենցիալ ունի: Նա նշեց՝ Ծաղկաձորը ՀՀ զբոսաշրջային ամենակարևոր ուղղություններից մեկն է, և Կոտայքում պետք է զարգանա նաև Կառավարության հաջորդ առաջնահերթությունը, որ հայտարարել են, այն է՝ զբոսաշրջությունը: Վարչապետն ասաց, որ բարձր տեխնոլոգիական ընկերություններ ևս կան Կոտայքի մարզում, Կառավարությունն այս ուղղությամբ ևս քաղաքականություն է վարում:

«Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք»,- նշեց նա:

x