ՀՀ-ն ու Հնդկաստանն կփորձեն օգտագործել կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա մեծ ներուժը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալին:

Նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն մեր երկրում պաշտոնավարելու ընթացքում:

Նա արձանագրել է, որ թեև հայ և հնդիկ ժողովուրդները դարավոր բարեկամության պատմություն ունեն, իսկ գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում հայ-հնդկական հարաբերությունները՝ զարգացման մեծ ներուժ, այսօր համագործակցության հնարավորությունները բավարար չափով չեն օգտագործվում:

Իր հերթին դեսպանը նշել է, որ Հայաստանի կառավարության անդամների հետ հանդիպումների շարքն սկսում է ԿԳՄՍ նախարարից : Նրա խոսքերով, այս օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում է գտնվում նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ու նախատեսված է նրա հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Խոսելով մշակութային համագործակցության և փոխանակման ծրագրերի մասին՝ պարոն Դեվալը բարձրացրել է Հայաստանի տարածքում հնդկական ֆիլմերի նկարահանումների հնարավորության հարցը: Դեսպանը նաև հանդես է եկել առաջարկություններով՝ հայ արվեստագետներին հրավիրելով Հնդկաստանում մասնակցելու ազգային երգուպարի, ինչպես նաև ձեռագործ աշխատանքների ներկայացման փառատոններին:

Նախարար Արայիկ Հարությունյանը հնարավոր է համարել համատեղ ֆիլմարտադրության ծրագրերը՝ առաջարկելով գալիք տարիներին երկու երկրներում մշակույթի օրեր կազմակերպել: Տեղեկացնելով, որ անցած տարի հայկական բուհերում սովորող հնդիկ ուսանողների թիվն անցել է 1200-ից, իսկ այս տարի ստացվել է շուրջ 600 դիմում, և հաշվի առնելով առողջապահության ոլորտի մասնագիտությունների նկատմամբ հնդիկ ուսանողների մեծ հետաքրքրությունը, նախարարը կարևորել է Հնդկաստանի բուհերից որևէ մեկի հետ համագործակցելու հարցը:

Կողմերն անդրադարձել են նաև գիտության, պատմամշակութային ժառանգության պահպանման և հնագիտության բնագավառներում համագործակցության հնարավորությանը:

x