Էդմոն մարուքյանի պատասխանը ԵԽԽՎ-ում ադրբեջանցի ներկայացուցչին| lragir.am|

lragir.am: Ինչպես բոլորդ լսեցիք, հիմա ես պարտավոր եմ պատասխանել մեր ադրբեջանցի գործընկերներին, չնայած նրան, որ ես պատրաստել էի ելույթ, որն ավելի համաեվրոպական էր, ահաբեկչության դեմ պայքարի մասին էր…

Բայց ես զարմանում եմ, որ ադրբեջանի պատվիրակներն այստեղ խոսում են ահաբեկչության և Հայաստանի մասին այն իրավիճակում, երբ Տավուշում, ոչ թե Արցախում, այլ Հայաստանի հանրապետության Տավուշի մարզում, այսօր, այս քննարկման ընթացքում, հայ զինվոր է վիրավորվել, և այդ նույն երկրի ներկայացուցիչը, այստեղ՝ ժողովրդավարության այս օրրանում, խոսում է ահաբեկչության մասին։

Երեք տարի առաջ, ապրիլյան պատերազմի ժամանակ, նրանք գլխատեցին Թալիշի խաղաղ բնակչությանը, կտրեցին տարեցների ականջները, սպանեցին մարդկանց… ձեր երկիրն իսկական ահաբեկչական խմբավորման՝ իսլամական պետության պես վարվեց, ու՞ր մնաց ժողովրդավարությունը։

Դուք խոսում եք մեր վարչապետի մասին, ով ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով։ Ի՞նչ կասեք ձեր երկրի մասին, ձեր նախագահի մասին։ Ես հասկանում եմ, որ մեր գործընկերները, բոլոր պատվիրակները, արդեն հոգնել են (կուշտ են) այս դեբատից, բայց մենք ստիպված ենք պատասխանել այս ոչ ժողովրդավար երկրի ներկայացուցիչներին ու պատվիրակներին և հիշեցնել նրանց, որ ահաբեկչական հարձակումները, ահաբեկչությունը, խաղաղ քաղաքացիներին սպանելն ու գլխատելը, մարդկանց իրենց դաշտերում աշխատել չթողնելը, հարձակումները երեխաների ու ընտանիքների վրա, ձեր զինված ուժերի ամենօրյա համակարգված գործունեությունն է… և այստեղ, Եվրոպայի խորհրդում, խորհրդարանական վեհաժողովում փորձում եք ձևացնել, թե ժողովրդավար եք։

Եվ հետո, մենք խնդիր ունենք ահաբեկչության սահմանման հետ, ի՞նչ նկատի ունեք ահաբեկչության զոհ ասելով։ Հայաստանի քաղաքացիները, որ գիշերը չեն կարողանում քնել ադրբեջանական հարձակումների պատճառով, ահաբեկչության զո՞հ են, թե՞ ոչ։ Պե՞տք է արդյոք խոսենք նրանց մասին ևս։ Արդյոք այն մեխանիզմները, որ ներկայացվում են հարգարժան զեկուցողի կողմից, և մենք կողմ ենք քվեարկելու, կպաշտպանեն ահաբեկչության այս զոհերին։ Սրանք բոլորը հարցեր են, որոնց մասին պետք է խոսենք այստեղ և գտնենք լուծումներ, այլ ոչ թե հարձակվենք միմյանց վրա ամեն օր, ինչպես այսօր ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի հանրապետության Տավուշի մարզում, հարձակվել և վիրավորել են հայ զինվորին, ով այժմ գտնվում է հոսպիտալում։

Ես դատապարտում եմ ահաբեկչությունը և գործընկերներիս կոչ եմ անում աջակցել Հայաստանին այս պարագայում։

x