Առաջին ընթերցմամբ ընդունվեց բուժհաստատությունների կողմից լիազորագիր տալու և ստանալու մասին նախագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվում են բուժհաստատությունների կողմից լիազորագիր տալու և ստանալու հետ կապված հարցերը:

Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Սիսակ Գաբրիելյանը:

Նախագծի համաձայն՝ նոտարի վավերացրած լիազորագրերին հավասարեցվում են հոսպիտալներում, առողջարաններում և զինվորական այլ բուժական հաստատություններում բուժման մեջ գտնվող զինծառայողների ու մյուս անձանց լիազորագրերը՝ վավերացված այդ հաստատության պետի, բուժական մասի գծով նրա տեղակալի, ավագ կամ հերթապահ բժշկի կողմից: Նախատեսվում է, որ լիազորագրերը կվավերացվեն կամ կհաստատվեն անվճար:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել նախագծի վերաբերյալ:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 114 կողմ ձայնով:

x