Աշխատանքային միգրանտները մեծածավալ տրանսֆերներ են ապահովում սեփական երկրների համար. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում |news.am|

news.am: Շատ կարեւոր է, որպեսզի աշխատանքային միգրանտներն այլ երկրներում իրենց աշխատանքային գործունեությունը ծավալելու ընթացքում օրենսդրորեն եւ իրավական առումով պաշտպանված լինեն: Այս մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում՝ աշխատանքային միգրացիայի թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում նշել է հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Քննարկվող թեման բավական արդիական է շատ երկրների համար նաեւ այն պարզ պատճառով, որ տարբեր պետություններում մարդկանց կենսամակարդակը կարող է էապես տարբերվել, որովհետեւ նույն որակի եւ քանակի աշխատանքի դիմաց վարձատրության չափն էապես տարբեր է: Աշխատանքային միգրանտներն ունեն ԵԽԽՎ համապատասխան որոշումների եւ պաշտպանության կարիքը։ Նշանակում է այստեղ մենք պետք է ընդունենք կիրառական որոշումներ։

Բնականաբար, առավել զարգացած երկրներում նվազագույն եւ միջին աշխատավարձի մակարդակն առավել բարձր է: Սակայն միայն այդ հիմնական պատճառով չէ, որ տարբեր երկրներից դեպի առավել զարգացած տնտեսություն ունեցող երկրներ աշխատելու են մեկնում քաղաքացիներ՝ ապահովելու իրենց նվազագույն կենսապայմանները:

Աշխատանքային միգրացիան առաջացնում է լուրջ ժողովրդագրական խնդիրներ մայր երկրներում, որտեղից տեղափոխվում են աշխատանքի համար։ Դա պետք է հաղթահարել։ Այդ առումով Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ բոլոր երկրներում էլ այս խնդիրները խիստ արդիական են եւ լուծման կարիք ունեն։ Մասնավորապես գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունից հիմնականում սեզոնային աշխատանքի համար ՌԴ են մեկնում տարեկան մի քանի հարյուր հազար աշխատանքային միգրանտներ:

Այստեղ խնդիրներ կան նաեւ կապված աշխատանքի կատարյալ ազատ տեղաշարժի հետ, սակայն համոզված եմ, որ դրանք առաջիկայում իրենց լուծումները կստանան: Որպես ՀՀ ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի նախագահ՝ լավատեղյակ եմ այդպիսի խնդիրներին եւ դրանց լուծման ընթացքին:

Շատ կարեւոր է նաեւ, որպեսզի աշխատանքային միգրանտներն այլ երկրներում իրենց աշխատանքային գործունեությունը ծավալելու ընթացքում օրենսդրորեն եւ իրավական առումով պաշտպանված լինեն: Դա կապված է ընդունող երկրներում ժամանակավոր կացության, աշխատանքային իրավունքների պաշտպանության ինստիտուտների ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչարարական կարգավորումների արդյունավետության բարձրացման հետ: Իհարկե, այս զեկույցը եւ դրա հիման վրա ընդունվող որոշումը կնպաստեն այդ խնդրի լուծմանը, սակայն դա ամբողջական եւ իրական լուծում չի լինի։

Միաժամանակ պետք է նշել, որ աշխատանքային միգրանտները մեծածավալ ֆինանսական տրանսֆերներ են ապահովում նաեւ սեփական երկրների համար: Սակայն ակնհայտ է, որ բոլոր երկրներն էլ ձգտում են զարգացնել իրենց տնտեսությունները, ապահովել առավել բարձր նվազագույն եւ միջին աշխատավարձի մակարդակ: Մեր վեհաժողովն իր որոշումներով միայն ու միայն պետք է նպաստի այդ գործընթացներին:

 

x