Պատգամավորը խիստ անհրաժեշտ համարեց սեփականության իրավունքի ոտնահարման դեպքերով գործերը վերաբացելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի կարծիքով, նախկինում Երևանում քաղաքաշինական ծրագրերով, այդ թվում «Հյուսիսային պողոտա», «Կասկադ» ծրագրերով սեփականության իրավունքների զանգվածային ոտնահարումներ են եղել:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից նախաձեռնված պետության կողմից Հյուսիսային պողոտա», «Կասկադ» ծրագրերով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման թեմայով խորհրդարանական լսումներում Աբրահամյանը կարևորեց, որ նոր իշխանությունը այս առումով անտեսված գործերը վերաբացի և վերականգնի մարդկանց խախտված իրավունքները:

Դիմելով լսումներին ներկա անձանց՝ Աբրահամյանը նկատեց, որ մարդիկ ավելի քան երկու տասնամյակ պայքարել են իրենց իրավունքների և սեփականության իրավունքի համար, մինչդեռ իրավունքի պաշտպանություն, արդարադատություն գտել են բացառապես Հայաստանի դատական համակարգից դուրս՝ միայն Եվրոպական դատարանում:

«Սա հստակ ցուցիչ է, որ դատական համակարգը պարզապես չի գործել: Հպարտ եմ, որ այսօր հնարավորություն ունենք քաղաքական թիվ մեկ ամբիոնում այս հարցը քննարկելու և Հայաստանի պատմության ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքի, սեփականության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի զանգվածային խախտումների խնդիրը վերհիշելու, վերհանելու և հետագայում լուծումներ գտնելու համար:

Հյուսիսային պողոտայում շրջելիս հատկապես նոր սերունդը հազվադեպ է հիշում, թե քաղաքաշինական այդ ծրագիրը քանի ընտանիքի ճակատագիր խեղեց, քանի հոգի անտուն մնացին, բառացիորեն ունեզրկվեցին: Մարդիկ հազվադեպ են հիշում կամ գուցե անտեղյակ են, թե ինչպես էին տների սեփականատերերը բռնի ուժով դուրս բերվել սեփական հայրական, պապական տներից»,-ասաց Աբրահամյանն ու հավելեց՝ այդ ամենն իրականացվել է առանց օրենքի, Սահմանադրության հետ հակասությամբ, իսկ համարժեք փոխհատուցման մասին խոսելն անիմաստ համարեց:

Նրա կարծիքով՝ կառավարության այդ ժամանակվա որոշումները հիմք են դրել անկախ Հայաստանում սեփականության իրավունքի ամենազանգվածային խախտումներին: Պատգամավորի խոսքով՝ այդ հանցավոր գործողություններն իրականացվել են գործադիր և դատական մարմինների անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ:

Աբրահամյանն ակնհայտ համարեց, որ Սահմանադրության համապատասխան հոդվածները կոպտորեն խախտվել են: Պատգամավորը նաև նկատեց, որ այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է շինհրապարակ՝ ասել, որ բողոքողներ չկան, մարդիկ երջանիկ են և ուրախ:

«Հարյուրավոր ընտանիքներ՝ ավելի քան 3000 անձ արդեն շուրջ 20 տարի է, ինչ զրկված են սեփականությունից: Մինչդեռ այդ օրերին մի քանի տասնյակ «էլիտար խմբակ» այս ամենի արդյունքում դարձան միլիոնատեր: Այդ դեպքերից յուրաքանչյուրը մեր պետության խարանն է և անարգանք մեր Սահմանադրության, մեր պետականության, քաղաքացու արժանապատվության, մեզնից յուրաքանչյուրի և ապագա սերունդների համար»,-ասաց պատգամավորը:

Նա համոզմունք հայտնեց, որ իրապես իրավական և ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհը ձախողված կլինի, եթե այդ խարանը չմաքրեն, չգաղտնազերծեն, չվերաբացեն կոծկված, անտեսված գործերը և չվերականգնեն իրավազուրկ քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը:

x