ՀՀ կառավարությունը բանակցություններ է սկսել Youtube-ի հետ |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բանակցություններ է սկսել Youtube-ի հետ: Այս մասին հոկտեմբերի 7-ին Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բանակցում է Youtube-ի, և այլ մեծ կազմակերպությունների հետ, որոնց համար Հայաստանում տեղայնացում չունենք»,- ասաց Ավինյանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը 2019թ. մարտի 12-ին հայտնել էր, որ ՀՀ կառավարությունն աշխատանքային խումբ կստեղծի օնլայն տեղեկատվական հարթակների` YouTube-ի, Google-ի հայաֆիկացման հնարավորությունն ուսումնասիրելու ու դրան աջակցելու համար։ Տեղեկատվական հարթակների հայաֆիկացումը հնարավորություն կտա հայ օգտատերերին գումար աշխատել, նշելով, որ իրենք Հայաստանից են, իսկ երկիրը ճանաչելի կդարձնի տեղեկատվական քարտեզի վրա:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։

x