ԱԺ-ում ընթանում են Կուսակցությունների մասին օրենքի խնդիրների ու դրանց լուծման վերաբերյալ լսումներ |armenpress.am|

armenpress.amՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ մեկնարկել են «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումներ:

Բացման ելույթով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

«Հեղափոխությունից հետո պետք է փոխվեն հաստատված «խաղի կանոնները»՝ առ այն, որ հաղթողը ստանում է ամեն ինչ: Նախկինում չի եղել այնպես, որ մեկ կուսակցություն համամասնական ընտրակարգով իսկապես ստանա ձայների մեծամասնություն՝ բացառություն են 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս ԱԺ-ի խնդիրն է հենց վերափոխել այդ «խաղի կանոնները»: Դրա մի մաս է նաև Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունը»,-ասաց Համազասպ Դանիելյանը:

Նա հիշեցրեց, որ իրենք ընտրական բարեփոխումների մասին սկսել են խոսել դեռ մարտ ամսից: Դանիելյանը նշեց, որ համատեղ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ որքան էլ ֆունդամենտալ են ընտրակարգի հետ կապված փոփոխությունները, սակայն օր առաջ պետք է փորձեն էապես փոխել կուսակցությունների հետ կապված կարգավորումները, քանի որ այստեղ ունեն քաղաքական դաշտ ձևավորելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու խնդիր: «Դրա հաջողությամբ է պայմանավորված նաև հաջորդ ընտրությունների ինչպիսին լինելը»,-նշեց Դանիելյանը:

Նա շեշտեց՝ քաղաքական բնույթի բարեփոխումները պետք է ծագեն հենց թիվ մեկ քաղաքական հարթակում՝ ԱԺ-ում: Դանիելյանն առանցքային համարեց, որ ԱԺ խմբակցությունները քննարկեն նման հարցեր:

x