Երևանում 10 և ավելի աշխատակից ունեցողներն աշխատավարձը կվճարեն անկանխիկ. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձի վճարումը պարտադիր անկանխիկ դարձնելու մասին օրենքի նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ-ում ստացավ 96 կողմ, 16 դեմ և 7 ձեռնպահ ձայներ:

Նախագծով նախապես առաջարկվում էր, որ 10 և ավելի աշխատող ունեցող գործատուներն աշխատավարձի վճարումը հունվարի 1-ից կատարեին անկանխիկ եղանակով: Սակայն, հեղինակը, հաշվի առնելով մտահոգությունները, որ մարզերում կարող է անկանխիկ վճարման հնարավորություն չլինել, առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը կատարել էր փոփոխություն: Նախագծում ներառվել է միայն Երևանը: Արդյունքում մայրաքաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուները հունվարից աշխատավարձը պետք է վճարեն անկանխիկ:

Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտնեց, որ հաշվի առնելով, որ քաղաքացիների դիմումի համաձայն իրենց վճարման եղանակ ընտրելու հետ կապված դրույթը հանվել է, իրենց խմբակցությունը դեմ քվեարկի:

Պապոյանը նշեց, որ այդ դրույթը մտցվել էր մարզերի համար, սակայն երկրորդ ընթերցմամբ քննարկմանն արդեն նախագծում ներառվել էր միայն Երևանը: Նրա խոսքով՝ քննարկումներ են ունեցել, և հասկացել, որ այդ առումով Երևանում խնդիր չկա:

x